ԿԱՍՅԱՆ (Տեր-Կասպարյան) Սարգիս Հովհաննեսի (1876 թ., Շուշի – 1937 թ.), քաղաքական և պետական գործիչ, հրապարակախոս: ՌՍԴԲԿ անդամ 1905 թ.-ից (1903-04 թթ. հնչակյան կուսակցության անդամ): Ավարտել է Լայպցիգի առևտրական ինստիտուտը (1902 թ.), Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը (1904 թ.): 1906-07 թթ. խմբագրել է սոցիալ-դեմոկրատների «Բանվորի ձայնը» (Բաքու), «Կայծ», «Նոր խոսք» (Թիֆլիս) թերթերը: Իր հիմնադրած բոլշևիկյան «Մեր խոսքը» թերթում Կասյանը 1914 թ. հունվարին հրատարակել է «Հայկական հարցը և հայկական դեմոկրատիան» հոդվածը, որտեղ վերլուծել է հայ քաղաքական տարբեր կուսակցությունների վերաբերմունքը Հայաստանի ազատագրման հարցին, նշել, որ Հայկական հարցի լուծման մեջ ամենաշահագրգռվածը եղել է հայ պրոլետարիատը, որին և վերապահել է առաջատար դեր հարցի լուծման խնդրում: Կովկասի բոլշևիկներից առաջինն էր, որ հղացել է (1919 թ.) Խորհրդային Հայաստանի՝ որպես ինքնուրույն հանրապետության ստեղծման գաղափարը, ի տարբերություն մինչ այդ ընդունված «Խորհրդային Կովկաս» կարգախոսի: «Որտե՞ղ է ելքը» (1919 թ.) աշխատության մեջ նշել է, որ հայ ժողովրդին կարելի է ազատագրել Հայաստանում խորհրդային իշխանություն և Խորհրդային Ռուսաստանի հետ սերտ դաշինք հաստատելու միջոցով: Կասյանը Հայաստանը խորհրդային հռչակած (1920 թ. նոյեմբեր) Հեղկոմի առաջին նախագահն էր: Կողմնակից էր հասարակության բոլոր ուժերի համախմբմանը և միասնությանը, իր գաղափարակիցների (Ա. Մռավյան, Ա. Բեկզադյան) հետ հանդես է եկել գաղափարի հակառակորդների նկատմամբ բռնության միջոցներ գործադրելու դեմ:

Հետագա տարիներին ղեկավար պաշտոններ է վարել Անդրֆեդերացիայում: Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել:

Հ. Կարապետյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am