ԿԱՐՍԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ.1921-ին. կայացել է սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 13-ը` Կարսում, Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների (ադրբեջանական, հայկական, վրացական ԽՍՀ (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)-ներ) միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով: Կոնֆերանսի գումարումը նախատեսվել էր 1921-ի մարտի 16-ի խորհրդաթուրքական պայմանագրով (տե´ս Մոսկվայի պայմանագիր 1921):

Կարսի կոնֆերանսին մասնակցում էին ՀԽՍՀ (Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)-ից` Ասքանազ Մռավյանը (ՀԽՍՀ արտաքին գործերի ժողկոմ, պատվիրակության նախագահ), Պողոս Մակինցյանը (ներքին գործերի ժողկոմ ), ՎԽՍՀ-ից (Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)` Շ.Էլիավան (ՎԽՍՀ ռազմական և ծովային գործերի ժողկոմ) և Ս. Սվանիձեն (արտաքին գործերի և ֆինասների ժողկոմ), Ադրբեջանական ԽՍՀ-ից` Բ. Շահթախթինսկին (Ադրբեջանական ԽՍՀ պետ, վերահսկողության ժողկոմ, պատվիրակության նախագահ) և ՌԽՖՍՀ (Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն) ներկայացուցիչ Յակով Գանեցկին: Թուրքական կողմը ներկայացնում էին Քյազըմ Կարաբեքիր փաշան (Արևելյան ռազմաճակատի հրամանատար, պատվիրակության նախագահ), Վելի բեյը, Մուխթար բեյը, Մեհմուդ Շևքեթ բեյը: Կոնֆերանսը սկսվելուն պես Կարաբեքիր փաշան առաջարկեց պայմանագրեր կնքել Անդրկովկասի 3 հանրապետությունների հետ առանձին-առանձին, որը կտրականապես մերժեցին հանրապետությունների պատվիրակները` պնդելով համատեղ նիստերի և ընդհանուր պայմանագրերի վրա, նշելով իրենց հանրապետությունների միջև ստեղծած տնտեսական, քաղաքական, ռազմական սերտ կապը և արդեն ուրվագծվող անդրֆեդերացիան: Թուրք կողմը, վկայակոչելով Մոսկվայի պայմանագիրը, որում (ասված չէր Անդրկովկասի հանրապետությունների հետ ընդհանուր պայմանագրի կնքման մասին) պնդում էր առանձին պայմանագրերի վրա, որոնց կնքման դեպքում դյուրին կլիներ իր կամքի պարտադրումը: Ընդհանուր պայմանագրի կնքումը հատկապես կարևոր էր ՀԽՍՀ-ի համար, որի նկատմամբ Թուրքիան շարունակում էր թշնամական քաղաքականությունը: Այդ հարցի շուրջ վիճաբանությունները շարունակվեցին հետագա նիստերի ընթացքում: Թուրքական կողմը առաջարկեց պայմանագիրը բաժանել 2 մասի, առաջինում տալ ընդհանուր հոդվածները, երկրորդում` տնտեսական և  տարածքային հարցերին վերաբերող հոդվածներն ըստ հանրապետությունների: Խորհրդային պատվիրակները դա ևս մերժեցին, քանի որ այն Թուրքիային հնարավորություն էր տալիս իր կամքը պարտադրել հանրապետություններին: Անհաջողության մատնվելով` Կարբեքիրը պահանջեց, որպեսզի Անդրկովկասի հանրապետությունները թուրքական կառավարությանը տեղյակ պահեն իրենց տնտեսական, քաղաքական միասնության մասին: Հոկտեմբերի 1-ին Ասքանազ ՄռավյանըԱլեքսանդր Սվանիձեն, Բ.Շահթախթինսկին համապատասխան հեռագիր ուղարկեցին Անկարա: Նույնպիսի հեռագիր ուղարկեց նաև Գեորգի Չիչերինը: Թուրքական պատվիրակությունը ստիպված էր հրաժարվել անջատ պայմանագրերի գաղափարից և համաձայնել ընդհանուր պայմանագրին: Թուրքիայի և Անդրկովկասի Հանրապետությունների միջև սահմաննեիր ճշտման համար (որ նախատեսված էր Մոսկվայի պայմանագրով) ստեղծվեց հատուկ հանձնաժողով (թուրք-հայկական և թուրք-վրացական մասնախմբերով): Հայաստանից հանձնաժողովի մեջ մտավ խորհրդական Վլադիմիր Տամրուչին: Թուրքական պատվիրակությունը, կառչելով Մոսկվայի պայմանագրից, պահանջում էր ոչ մի սահմանային փոփոխություն չկատարել: Նա մերժեց խորհրդային պատվիրակության պահանջը` Հայաստանին վերադարձնելու սահմանի վրա գտնվող հին հայկական մայրաքաղաք Անիի   ավերակները, ինչպես նաև Կողբի աղահանքերը, որոնք տնտեսական որոշակի նշանակություն ունեին խորհրդային Հայաստանի համար: Սահմանային միակ հարցը, որի լուծմանը չմիջամտեց թուրք կողմը, դա Խորհրդային Հայաստանի,   և Նախիջևանի միջև սահմանի ճշտումն էր: Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կանխեցին թուրքական միջամտությունը` հայտարարելով, որ իրենք արդեն ճշտել են սահմանները: Տնտեսական կապերի քննարկման ժամանակ խորհրդային կողմը Թուրքիայից պահանջեց վերադարձնել Ալեքսանդրապոլի գրավման ժամանակ կողոպտված քաղաքի դեպոյի գույքը: Թուրքերը հրաժարվեցին բավարարել այդ պահանջը: Վեճը շարունակվեց մինչև հոկտեմբերի 10-ի նիստը, որտեղ թուրքերը, ընդառաջելով խորհրդային կողմին` Բաթումից իրենց օգտվելու դեկլարացիայի հարցում, հասան այն բանին, որ օրակարգից հանվեց Ալեքսանդրապոլի դեպոյի հարցը: Հոկտեմբերի 13-ին պայմանագիրը ստորագրվեց (տե´ս` Կարսի պայմանագիր 1921):

 

Է. Զոհրաբյան

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ. 

Զոհրաբյան Է. «Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թթ.», Ե., 1979: 

Багиров Ю. А. "Из истории советско-турецких отношений (1920-1922гг.)". Баку, 1965. 

Хармандарян С. В. "Ленин и становление Закавказской Федераци 1921-1923", Е., 1969.

 

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am