ԿԱՐՍԻ ՄԱՐԶ, վարչատարածքային միավոր ցարական Ռուսաստանում: Եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառի կազմում: Վարչական կենտրոնը՝ Կարս: Տարածը 16869 կմ²:

XVI դ. Կարսի մարզի տարածքը գրավել են օսմանյան թուրքերը և կազմել Կարսի էյալեթը, որը XIX դ. սկզբին տրոհված էր Կարսի, Շորագյալի (Շիրակ), Զարիշատի, Կաղզվանի և Կեչվանի գավառների, որոնց 248 գյուղերը 1828 թ. հունիսին ունեին 22 հզ. բնակիչներ (1842 ընտանիք կամ 14,7 հզ. հայեր): 1829-1830 թթ., 1854-55 թթ. Անդրկովկաս, հիմնականում՝ Շիրակի դաշտ գաղթած հազարավոր կարսեցի հայերի փոխարեն թուրքական կառավարությունը վերաբնակեցրել է Կովկասից և Օսմանյան կայսրության տարբեր շրջաններից եկած թուրքերի, թուրքմենների, կարափափախների, լեզգիների և քրդերի: 1877 թ. ռուսական զորքերի գրաված շրջաններից 1878 թ. դեկտեմբերի 27-ին վերջնականապես կազմավորվել է Կարսի մարզը, որը սկզբում բաղկացած էր մեկ մարզային քաղաքից (Կարս), 6 օկրուգից (Կարսի, Արդահանի, Զարիշատի, Շորագյալի, Կաղզվանի, Օլթի-Փոցխովի) և 2 պրիստավությունից (Չըլդրի և Խորասանի): 1881 թ. վարչական վերաբաժանումից հետո Կարսի մարզը վերակազմվել է Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի օկրուգների, որոնք իրենց հերթին տրոհվել են 14 տեղամասերի և 148 գյուղական համայնքների: Մահմեդական բնակչության արտագաղթի և Արևմտյան Հայաստանի ու Անդրկովկասի տարբեր շրջաններից քրիստոնյաների ներգաղթի հետևանքով մարզում աճել է հայերի տեսակարար կշիռը (1882 թ.՝ 31518 հայ, 1887 թ.՝ 38184): 1890-ական թթ. համիդեական կոտորածներից հետո ուժեղացել է Արևմտյան Հայաստանից հայերի արտագաղթը Կարսի մարզ (1897 թ. մարդահամարով՝ 73 հզ., 1906 թ.՝ 94 հզ., 1910 թ.՝ 102 հզ., 1913 թ.՝ 113 հզ. բնակիչ 85 հայաբնակ գյուղերում և Կարս քաղաքում): Իր դիրքերն ամրապնդելու նպատակով ցարական կառավարությունը 25 տարում մարզ է տեղափոխել 20 հզ. ռուսների: 1914 թ. նոյեմբեր-դեկտեմբերին Կարսի մարզի արևելյան շրջանները ներխուժած թուրքական զորքերը կազմակերպել են հայերի կոտորածներ: Մինչև 1915 թ. հունվարի սկիզբը թուրքերից մաքրված մարզի ամբողջ տարածքը 1915-16 թթ. վերածվել է հազարավոր հայ գաղթականների հանգրվանի: 1918 թ. մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքված պայմանագրով Խորհրդային Ուուսաստանը Կարսի մարզը զիջել է Թուրքիային: 1918 թ. ապրիլի վերջին զավթելով Կարսը և շրջակա գյուղերը՝ թուրքական զորքերը կոտորել են ավելի քան 10 հզ. հայ: Հարյուր հազարավոր մարդիկ գաղթել են Ալեքսանդրապոլի, Էջմիածնի և Երևանի գավառներ: Տեղի մահմեդական հրոսակախմբերը մի շարք տեղերում փակել են գաղթականների նահանջի ճանապարհը և նոր կորուստներ պատճառել նրանց: Մի խումբ հայ երիտասարդների համառ դիմադրության շնորհիվ հաջողվել է կոտորածից փրկել հազարից ավելի հայ մանուկների, մայրերի և տեղափոխել Ախալքալաքի գավառ: 1918 թ. Բաթումի պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է Կարսի մարզից: 1918 թ. նոյեմբերից մինչև 1919 թ. գարունը հազարավոր կարսեցի գաղթականներ Արևելյան Հայաստանում մահացել են սովից ու համաճարակներից: 1919 թ. ապրիլին թուրքերը հեռացել են Կարսի մարզից: Մեկամսյա անգլիական օկուպացումից հետո մարզը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը: 1920 թ. հոկտեմբերի վերջին քեմալական զորքը գրավել է Կարսի մարզը, որից հետո քրիստոնյա բնակչությունը նորից արտագաղթել է: Այս անգամ ոչնչացվել է 12 հզ. հայ (հիմնականում՝ տղամարդիկ): 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրով մարզը տրվել է Թուրքիային: 1921 թ. Կարսի պայմանագրով Ռուսաստանը Խորհրդային Հայաստանի կառավարությանը հարկադրել է ընդունել այդ պայմանները, որից հետո քրիստոնյա բնակչությունն ամբողջապես հեռացել է այնտեղից: 1945 թ. Խորհրդային Միությունը փորձել է Պոտսդամի կոնֆերանսում բարձրացնել Կարսի մարզի վերադարձման հարցը, սակայն հաջողություն չի ունեցել: Այժմ մարզի տարածքը (փոքր տարբերություններով) կազմում է Թուրքական Հանրապետության Կարսի իլը՝ 18,6 հզ. կմ² տարածքով և մոտ 720 հզ. քուրդ և թուրք բնակչությամբ:

Ա. Մելքոնյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am