ԿԱՐՍԿարուց քաղաք, բերդաքաղաք Արևմտյան ՀայաստանումՄեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառում: 16-րդ դարում օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ ընկնելուց հետո մինչև 19-րդ դարի 70-ական թթ-ի վերջը համանուն վիլայեթի վարչական կենտրոնը 1878-ին միացվել է Ռուսաստանին իբրև Կարսի մարզի կենտրոն: 19-րդ դարի սկզբին Կարսի 650 տուն բնակիչներից 600 տունը հայեր էին: 1829-30,1854-1855-ին հազարավոր կարսեցիների Անդրկովկաս (հիմնականում Շիրակ) արտագաղթելու հետևանքով Կարսում նկատելիորեն կրճատվել է հայ բնակչության թիվը: Սուլթանական կառավարությունը մեծ թվով թուրքալեզու և իրանալեզու (քրդեր) էթնիկ տարրերի վերաբնակեցրել է Կարսում: Կարսը Ռուսաստանին անցնելուց հետո հայ բնակչության ներհոսքի հետևանքով մինչև 1913 քաղաքում հայերի թիվը հասել է 1250-ի (ընդհանուրը`12175): 1914-17-ին Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից փախած հազարավոր հայեր ապաստանել են Կարսում: 1918-ի ապրիլի 25-ին Կարսը, որը ժամանակի ամենաանմատչելի քաղաք-ամրոցն էր և ուներ լավ զինված կայազոր, Անդրկովկասյան սեյմի դավաճանական քաղաքականության հետևանքով առանց կռվի հանձնվել է թուրքերին, իսկ քրիստոնյա բնակիչները` առաջին հերթին հայերը, արտագաղթել են Շիրակ: Տեղում մնացած հայերի մի մասը կոտորվել է, մյուսների համար սահմանվել են ծանր հարկեր: Տեղ-տեղ առանձին խմբեր կազմակերպել են համառ դիմադրություն: 1918-ին Բաթումի պայմանագրով Կարսը տրվել է Թուրքիային: 1919-ի ապրիլին Թուրքերի հեռանալուց հետո Կարս են մտցվել անգլիական զորքեր, մայիսին քաղաքն անցել է Հայաստանի Հանրապետությանը: Կարճ ժամանակամիջոցում վերադարձել են բազմաթիվ հայեր: 1920-ի մայիսին Կարսում բոլշևիկների բարձրացրած ապստամբությունը, չստանալով ժողովրդական զանգվածների աջակցությունը, պարտություն է կրել: 1920-ի հոկտեմբերի 30-ին քեմալական զորքերը գրավել են Կարսը: Թուրք ականատեսների վկայությամբ Կարսում կոտորվել է 8000 հայ, քաղաքից դուրս է բերվել բնակչության գրեթե ողջ շարժական գույքը: Ջարդերից փրկվածների մի մասն էլ մատնվել է սովի: Նոյեմբերի կեսից քեմալականները դեպի Էրզրում և ավելի արևմուտք են գաղթեցրել բազմաթիվ հայ բնակիչների ու ռազմագերիների: Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի պայմանագրով (Տե´ս քարտեզը) Կարսը տրվել է Թուրքիային: ՀԽՍՀ (Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն) կառավարությունը Ռուսաստանի ճնշմամբ Կարսում 1921-ի հոկտեմբերի 13-ին կնքված պայմանագրով ճանաչել է Կարսի բռնակցումը Թուրքական Հանրապետությանը: Այժմ Կարսի մոտ 65000 բնակիչ (հիմնականում քրդեր և թուրքեր) ունեցող գավառական քաղաք է Թուրքիայի համանուն Իլի վարչական կենտրոնը:

 

Ա. Մելքոնյան

Գրականության ցանկ`

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.

ՄալխասյանՄ., Կարսի մարզի բնակչությունը, ԵՊՀ հրատ., Երևան, 2015թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am