ԿԱՐՃԿԱՆ, գավառ Արևմտյան Հայաստանի Վանի  նահանգում,Վանա լճի հարավ-արևմտյան ափերին: Ընդգրկել է Կեցան (Քեսան), Գավառ (Գյավառ) և Փարթավ գավառակները: Կարճկանը համապատասխանում է Վասպուրականի Երևարք, իսկ Կեցանը` Առվենից Ձոր գավառներին:

16-րդ դարի 30-ական թթ. ընկել է Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ, մինչև 19-րդ դարի 40-ական թթ. հիմնականում մտել Բիթլիսի խանության (Կեցանը` Վանի նահանգի) մեջ: Քրդական իշխանությունների վերացումից հետո, որպես գյուղախումբ, գտնվել է Վանի նահանգի Գյավաշ գավառակի կազմում, իսկ Կեցանը կցվել է Դիարբեքիրի նահանգիՍղերդ գավառին (1879թ-ից` Բիթլիսի նահանգում): 1883-88թթ-ին առժամանակ մտցվել է Բիթլիսի նահանգի մեջ, այնուհետև,Կեցանի հետ, վերջնականապես անցել Վանի նահանգին (1902թ-ից գյուղախումբ Գյավաշ գավառակում): Կարճկանը (կենտրոնը` Գինդրացկամ Կենդրանց) ունեցել է մոտ 50 բնակավայր, եղել Վանի նահանգի հայաշատ հատվածներից.Կարճկանի մոտ 40 գյուղերում ապրող ավելի քան 9000 հայերն առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին կազմել են բնակչության գրեթե 55 տոկոսը: Հատկապես բազմամարդ էին Գինդրանց, Գոմս, Եղեգիս (Գյոլլու), Խնձորգին (Խնձորիկ),Կութ (Փարթավա-Կութ), Սորբ, Ուրանց (Օրանց), Օղվանց գյուղերը: Նշանավոր էին Կարճկանի Գինդրանցից Ս.Կարապետ, Գոմոց կամ Ջոջգլուխ Ս.Գևորգ, Մրորսի Ս.Թովմաս, Սորբա Ս.Կարապետ, Սմբոնի (Սմբատաշեն) Ս. Աստվածածին, Ուրանից Ս.Աստվածածին վանքերը: Հայերն զբաղվել են անասնապահությամբ, երկրագործությամբ (հատկապես Կարճկանի դաշտում), արհեստներով, լճափնյա գյուղերում` նաև նավավարությամբ, առևտրով: 1915թ-ին, Մեծ եղեռնի ժամանակ, նրանց մեծ մասն ապաստանել է Մոկսում և Փեսանդաշտում, այնուհետև, ռուսական զորքի նահանջից հետո՝ գաղթել Արևելյան Հայաստան:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.

Միրախորյան Մ. «Նկարագրական ուղևորության ի հայաբնակ գավառս Արևելյան Տաճկաստանի», հ.1,ԿՊ,1884:

Ա-Դ ո, «Վանի,Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները»,Ե.,1912:

Նույնի «Մեծ դեպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին»,Ե.,1917:

Սրվանձտյանց Գ. Երկ.,հ.1,Ե.,1978:


 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am