ԿԱՐՃԻԿՅԱՆ Խաչատուր (1882 թ., Վաղարշապատ - 1918 թ., Երևան), պետական, քաղաքական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Գևորգյան ճեմարանը, 1910 թ.՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա տեղափոխվել է Թիֆլիս և աշխատել որպես դատապաշտպան: Մասնակցել է «Դաշնակցության գործի» դատավարությանը որպես դատապաշտպան, գործընկերներն էին Ս. Կերենսկին, Զարոդինը, Մանդելշտամը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայկական կամավորական շարժման կազմակերպիչներից էր: Զբաղվել է Կովկաս ապաստանած արևմտահայ փախստական գաղթականների անվտանգության ապահովման, տեղավորման հարցերով: 1917 թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո աշխատել է Արևմտյան Հայաստանի գենկոմիսարությունում խորհրդատուի պաշտոնում: 1917 թ. նոյեմբերին Անդրկովկասյան կոմիսարիատում զբաղեցել է ֆինանսների նախարարի պաշտոն: 1918 թ. փետրվարին ընտրվել է Անդրկովկասյան սեյմի կազմում: Կարճիկյանը գտնում էր, որ Կովկասյան ազգերի համագործակցությունը պետք է ընթանա փոխզիջումների և փոխադարձ շահերի ուղիով, ինչը կհանգեցներ կայուն դաշինքի: Դեմ էր Բրեստի հաշտության (1918 թ.) ստորագրմանը: Հայոց ազգային խորհրդի փոխնախագահն էր: Տրապիզոնի բանակցությունների (1918 թ.) օրերին հայտարարել է, որ Կարսը, Արդահանը Թուրքիային վերադարձվելու դեպքում ինքը դուրս կգա սեյմի կազմից, և դուրս է եկել՝ թողնելով նաև Ազգային խորհրդի փոխնախագահի պաշտոնը: Սակայն Կարճիկյանի ակտիվ միջամտությամբ, այնուամենայնիվ, սեյմը շարունակել է պատերազմը և չի ընդունել թուրքերի պահանջները Տրապիզոնում:

Հայաստանի Հանրապետության առաջին կառավարությունում Կարճիկյանը ֆինանսների նախարար էր (հունիս, 1918 թ.), իր իսկ առաջարկով 1918 թ. հոկտեմբերին ձևավորված կոալիցիոն կառավարությունում՝ խնամատարության նախարար: ՀՀԴ մեղադրել է Կարճիկյանին Կարսը թուրքերին հանձնելու և վրացամետ քաղաքականություն վարելու մեջ:

Սպանվել է իր աշխատասենյակում, կուսակից Ե. Տեր-Մինասյանի ձեռքով:

Վ. Մելիքյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am