ԿԱՐԱԽԱՆ (Կարախանյան) Լևոն Միքայելի (1889 թ., Թիֆլիս – 1937 թ.), դիվանագետ: Պրոֆեսիոնալ հեղափոխական: ՌՍԴԲԿ անդամ 1904 թ.-ից: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կատարել է դիվանագիտական աշխատանք: Բրեստ-Լիտովսկի բանակցություններում (1917 թ. նոյեմբեր – 1918 թ. մարտ) եղել է խորհրդային պատվիրակության անդամ և քարտուղար, 1918-23 թթ.՝ ՌԽՖՍՀ արտգործնախարարի տեղակալ: Հետագա տարիներին՝ ԽԱՀՄ դեսպան մի շարք երկրներում:

Կարախանը անմիջական մասնակցություն է ունեցել Արևելքի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների նկատմամբ Խորհրդային Ռուսաստանի քաղաքականության մշակմանն ու իրականացմանը: 1918 թ. Բրեստ-Լիտովսկի պայմանագրի ստորագրումից հետո Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը բազմիցս բողոքել է Թուրքիային՝ պայմանագրի խախտման կապակցությամբ, որոնք ուղեկցվել են հայ բնակչության զանգվածային ոչնչացումով: Գերմանիային և Թուրքիային ուղղված նոտաները ստորագրել են Գ. Չիչերինը և Կարախանը: Մասնակցելով խորհրդա-թուրքական և խորհրդա-հայկական բանակցություններին՝ Կարախանը ձգտել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորել խաղաղ ճանապարհով, կասեցնել պատերազմը: Խորհրդային կառավարությունը Կարախանին մշտապես ներգրավել է Անդրկովկասի հանրապետություններին վերաբերող կարևոր հարցերի քննարկման մեջ: Մասնակցել է 1921 թ. Մոսկվայի պայմանագրի մշակմանը: Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել:

Հ. Լիլոյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am