ԿԱՄՍԱՐԱԿԱՆ Կոստանդին Պետրոսի (1841 թ., Նուխի – 1923 թ., Վիեննա), հայազգի ռուսական դիվանագետ և ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ: Ավարտել է զինվորական ուսումնարան Մոսկվայում: Մասնակցել է 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմին (Կովկասյան ռազմաճակատում): Պատերազմից հետո նշանակվել է Էրզրումի զինվորական նահանգապետի օգնական, ապա՝ ռուսական Փոխհյուպատոս Էրզրումում, 1878 թ.՝ Վանում: Մեծ ջանքեր է գործադրել իրագործելու Բեռլինի կոնգրեսի (1878 թ.) որոշումները Արևմտյան Հայաստանում: Սերտ կապ է պահպանել Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազատագրական կազմակերպության հետ: Աշխատել է ստեղծել հայ-ասորա-քրդական դաշինք՝ թուրքական տիրապետության դեմ: Համոզվելով, որ Արևմտյան Հայաստանում չի իրականանա Բեռլինի դաշնագրով նախատեսված բարենորոգումների ծրագիրը՝ Կամսարականը կոչ է արել զինվել և պատրաստվել արմատական գործողությունների: Նյութապես օժանդակել է Վասպուրականի սովյալներին: Ցարական կառավարությունը, զգուշանալով Կամսարակնի հայանպաստ գործունեությունից, նրան տեղափոխել է Սիրիա՝ դիվանագիտական աշխատանքի: 1900-14 թթ. շարունակել է զինվորական ծառայությունը Պետերբուրգում (Գլխավոր շտաբում) և Կիևում: 1914 թ. տեղափոխվել է արտասահման (Եգիպտոս, Եվրոպա):

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am