ԿԱՖՅԱՆ Գաբրիել Գերասիմի (1860 թ., Շուշի – 1930 թ., Թիֆլիս), ազգային- ազատագրական շարժման գործիչ: Սովորել է Ցյուրիխի համալսարանում: 1887 թ. Ա. և Մ. Նազարբեկների հետ մասնակցել է «Հնչակ» թերթի և հնչակյան կուսակցության հիմնադրմանը: 1883 թ. մտել է II ինտերնացիոնալի մեջ: 1890 թ. սկզբին գործել է Կ. Պոլսում, մասնակցել Գում Գափուի հակասուլթանական ցույցին: Կաֆյանի աջակցությամբ ազատագրական խմբակներ և կազմակերպություններ են ստեղծվել Արաբկիրում, Սեբաստիայում, Ակնում, Խարբերդում, Կաֆյանը մեծ ջանքեր է գործադրել Դերսիմի քրդերին հակասուլթանական շարժման մեջ ներգրավելու համար, սակայն 1893 թ. բանտարկվել է: Սամսունի բանտից տեղափոխելու ժամանակ նրան հաջողվել է փախչել և նորից հեղափոխական գործունեություն ծավալել Արևմտյան Հայաստանում: Այնուհետև մեկնել է Հունաստան, որոշ ժամանակ աշխատել Աթենքում, ապա տեղափոխվել Եվդոկիա, աշխատել որպես հայկական դպրոցների տեսուչ: Այստեղ նորից է ձերբակալվել և տեղափոխվել Կ. Պոլիս: Թուրքական դատաքննիչները, երկար տանջանքների ենթարկելուց հետո, որպես ռուսահպատակի նրան հանձնել են Կ. Պոլսի ռուսական հյուպատոսին: Կաֆյանին տեղափոխել են Պետերբուրգ, դատապարտել ազատ աքսորի՝ Վոլոգդայի նահանգում: Մասնակցել է 1917-ի Փետրվարյան հեղափոխությանը Ոուսաստանում: Այնուհետև հեռացել է քաղաքական գործունեությունից:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am