Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Ժողովուրդների մշտական ատյանի բանաձև (1984թ.)

 Ժողովուրդների մշտական ատյանի բանաձև (1984թ.) հայերի ցեղասպանության մասին: Ատյանը ստեղծվել է 1976-ին, Հռոմում՝ ժողովուրդների ինքնագիտակցության բարձրացմանն աջակցելու, համաշխարհային հասարակայնության կողմից քաղաքական որոշակի խնդիրների ընկալմանը նպաստելու, ժողովուրդներին հանուն իրենց իրավունքների պայքարի ոգեշնչելու նպատակով: Ատյանը տարբեր երկրների ներկայացուցիչներից բաղկացած հասարակական դատարան է (հայտնի գիտնականներ, իրավաբաններ, լրագրողներ, քաղաքական և հասարակական գործիչներ) և ընդունած որոշումներն ունեն հանձնարարականի բնույթ: 1984-ի ապրիլի 13-16-ը Փարիզում տեղի ունեցավ մշտական ատյանի նստաշրջան՝ նվիրված հայերի ցեղասպանության խնդրին: Օրակարգը առաջարկել էին «Ազգային փոքրամասնությունների իրավունքի խումբ» (Փարիզ, Ֆրանսիա), «Մշակույթի գոյատևում» (Քեմբրիջ, ԱՄՆ), «Սպառնալիքի տակ գտնվող ժողովուրղներին օգնող ընկերակցություն» (Գյոթինգեն, ԳՖՀ) կազմակերպությունները: Քննարկման ժամանակ լսվեցին Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանի (ԱՄՆ), Քեմբրիջի ինստիտուտի՝ Հայկական հետազոտությունների և փաստագրության կենտրոնի տնօրեն ժիրայր Լիպարիտյանի (ԱՄՆ), պատմաբան ու գրող Քրիստոֆեր Ուոքըրի (Մեծ Բրիտանիա) և Իվ Տերնոնի (Ֆրանսիա), Արմ. Բեռլինի համալսարանի դասախոս Թեսսա Հոֆմանի, Լուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆ. ժոե Վերհովենի (Բելգիա), Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆ. Տիգրան Գույումճյանի ելույթները, ողբերգական իրադարձությունների մի շարք ականատեսների վկայությունները: Նստաշրջանին իր ներկայացուցիչներին ուղարկելուց Թուրքիայի հրաժարվելու պատճառով քննարկվեց «Հայկական հարց. ինը հարց և ինը պատասխան» փաստաթուղթը (Անկարայի միջազգային քաղաքականության ինստիտուտ), ինչպես նաև Անկարայի համալսարանի պրոֆ. Թյուրքքայա Աթաեովի գրավոր ցուցմունքները, որոնք արտահայտում էին թուրքական կառավարության դիրքորոշումը տվյալ հարցում: Նստաշրջանն ընդունեց եզրափակիչ փաստաթուղթ, որի նախաբանում նշվում էր, որ քրեական առումով չկա ավելի ծանր հանցանք, քան էթնիկ պատկանելության համար մի որևէ ժողովրդի կանոնավոր բնաջնջման կանխամտածված պետական քաղաքականությունը, որ հայերի ներկա բողոքների քննարկումն ու գնահատումը հարկադրական նշանակություն ունի, քանի որ 1915-ից ի վեր թուրքական բոլոր կառավարությունները հրաժարվում են ընդունել ցեղասպանության փաստը, որ Թուրքիայի ներկա կառավարությունը նույնպես չի ընդունում հայ ժողովրդի ոչնչացման բազմաթիվ լուրջ մեղադրանքները, որ շատ պետություններ աշխարհաքաղաքական նկատառումներով պաշտպանում են թուրքական կառավարության ջանքերը՝ թույլ չտալ տվյալ հարցի որևէ անկողմնակալ հետազոտություն և խոչընդոտել խնդրի իրավական լուծմանը: Այնուհետև մանրամասն շարադրվում են հայերի 1915-17-ի ցեղասպանության նախապատմությունն ու փաստերը՝ դրանք ամրապնդելով միջազգ անկողմնակալ աղբյուրների վկայություններով, թուրքական հայտնի հակափաստարկները, առաջադրված մեղադրանքներն ու դրանց հիմնավորումը, և վերջում՝ որոշումը (դատավճիռ), որտեղ ասված է, որ «Ելնելով 1948-ի դեկտ. 10-ի Մարդու իրավունքների ընդհանուր հռչակագրից, 1948-ի դեկտեմբերի 9-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայից, Միջազգային իրավունքի հանձնաժողովի ձևակերպած և 1951-ին ՄԱԿ-ի գլխ. ասամբլեայի հավանությանն արժանացած նյուրնբերգյան սկզբունքներից, 1968-ի Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ գործած ոճիրների նկատմամբ վաղեմություն չտարածելու մասին կոնվենցիայից, ժողովուրդների մշտական ատյանի 1979-ի հունիսի 24-ին ընդունած օրինադրույթներից»... Ատյանը որոշում է. 1. Հայ ժողովուրդը եղել և մնում է մի ժողովուրդ, որի թե՛ անհատական և թե՛ միասնական հիմնարար իրավունքները պետք է հարգվեին և պետք է հարգվեն միջազգային իրավունքին համապատասխան: 2. 1948-ի դեկտ. 9-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի սահմանմամբ՝ հայ ժողովրդի ոչնչացումը տեղահանությունների և զանգվածային սպանությունների միջոցով ցեղասպանություն է, քանի որ նրանում խոսքը այն օրենքների մասին է, որոնք արդեն գործում էին այն ժամանակաշրջանում, երբ կատարվեցին այդ հանցագործությունները: 3. Երիտթուրքական կառավարությունը պատասխանատվություն է կրում այդ ցեղասպանության 1915-17-ին կատարված մեղսագործությունների համար: 4. Հայերի ցեղասպանությունը նաև «միջազգային հանցագործություն» է, որի համար պատասխանատվությունը պետք է կրի թուրքական պետությունը՝ չխուսափելով մեղսակցությունից, պատրվակ բերելով այն ժամանակվա և ներկա թուրքական պետության միջև հաջորդայնության բացակայությունը: 5.Այդ պատասխանատվությունը պարտավորեցնում է պաշտոնապես ընդունել ցեղասպանության փաստը և որպես հետևանք հատուցել հայ ժողովրդին կրած կորուստների դիմաց: 6. ՄԱԿ-ը և նրա յուրաքանչյուր անդամ իրավունք ունի պահանջել այդպիսի ճանաչումը և աջակցել այդ գործում հայ ժողովրդին»:

 


Ա. Կիրակոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.

Киракосян Дж. С., ,,Младотурки перед судом истории՛՛, Е, 1936. с. 396-400;

Киракосян А. Дж., ,,Геноцид армян 1915 г. в зарубежной литературе (1975-1985)'', М.. ИНИОН АН СССР. 1985, с. 51-56.

 

Permanent People's Tribunal. Session on the Genocide of the Armenians. April 13-16, 1984, Paris (Verdict). Cambridge, USA, 1984 (հայ թարգմ. «Ավանզարդ» թերթ, 1989թ. հոկտ. 20):

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am