ԺՈՐԵԱ (Jaures) Ժան (1859-1914 թթ.), ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, սոցիալիստական «Յումանիտե» թերթի հիմնադիրը: Իր հրատարակություններում, հոդվածներում և ելույթներում բազմիցս բողոքել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Կայսրության հայաբնակ շրջաններում հայերի նկատմամբ սուլթանական կառավարության բիրտ կամայականությունների և դաժանությունների դեմ: 1903-ի փետրվարի 15-ին Փարիզում արտասանած ճառում Ժորեան քննադատել է 1894-96-ի աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը Հայկական հարցում. «Եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպայի հասարակական կարծիքը վերջապես շարժվի մեռյալ կետից... Յոթ տարի առաջ Հայկական հարցում մեծ տերությունների բռնած դիրքի համար և մենք, և Եվրոպան ներկայումս հատուցում ենք այն դժվարություններով, որոնցով հղի է մակեդոնական հարցը: Այս երկարաձգված անտարբերությունը, այս երկար անիրազեկությունը, հիրավի դարձան մեծագույն հանցագործություն, որը սրբեց հրեշավոր սպանությունների հետքերը... Եթե Եվրոպայի այդ լռելյայն ու պասսիվ կարեկցանքը մեծ հանցագործություն էր, այն միաժամանակ նաև մեծ սխալ էր... Հայաստանի հանդեպ մեր վարվելակերպը սրանից յոթ տարի առաջ խրախուսեց սուլթանին և այն հանցագործություններն ու անօրինականությունները, որոնք միշտ էլ խռովություններ են հարուցում» («Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, փաստաթղթերի և նյութերի ժողովածու», 1991, էջ 206):

Ժորեան արձագանքել է Կիլիկիայի 1909-ի ապրիլյան դեպքերին և, նկատի ունենալով երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կոմիտեին, «Յումանիտեում» (1909, ապրիլի 4) գրել է. «Լիբերալները ներգրավվել են հետադիմության բանսարկությունների մեջ, և հայերը կոտորվեցին, ինչպես կարմիր սուլթանի լավագույն օրերին»:

Ռ. Սահակյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am