ՋԻՎԵԼԵԳՈՎ Ալեքսեյ Կարապետի (1875 թ., Նոր Նախիջևան – 1952 թ., Մոսկվա), պատմաբան, արվեստաբան, գրականագետ, թարգմանիչ: Հայաստանի ԳԱ թղթակից անդամ: Հիմնական աշխատությունները նվիրված են Եվրոպայի երկրների պատմությանն ու մշակույթին: Ջիվելեգովը զբաղվել է նաև Հայաստանի քաղաքական պատմության խնդիրներով, Հայկական հարցով (շուրջ 40 գիրք ու հոդված է գրել խնդրի շուրջ): «Հայերը Ռուսաստանում» (1906 թ.) գրքում ռուս ընթերցողին ծանոթացնում է հայ ժողովրդի պատմությանը, նրա՝ Ռուսաստանի հետ պատմական և մշակութային կապերին, դատապարտում ցարական կառավարության վարած քաղաքականությունը Կովկասում: «Թուրքական Հայաստանի ապագան» (1911 թ.) ուսումնասիրությունը Հայկական հարցի դիվանագիտական պատմության, Արևմտյան Հայաստանի նկատմամբ տերութունների վարած քաղաքականության հանգամանալի ակնարկ է: 1916 թ. Ջիվելեգովը «Արմյանսկի վեստնիկ» (″Армянский вестник″) ամսագրի կազմակերպիչներից էր, ապա՝ խմբագիրը, իր հեղինակությամբ և եռանդով ամսագրի շուրջն էր համախմբել ռուս մտավորականության ականավոր ներկայացուցիչների, որոնք հանդես էին գալիս հայ ժողովրդի շահերի պաշտպանությամբ: «Հայաստանի ճակատագիրը» (1916 թ.) հոդվածում դատապարտել է երիտթուրքերի քաղաքականությունը, քննադատել տերությունների դիրքորոշումը Հայկական հարցում: Թուրքիայի հայերի փրկությունը կապել է Գերմանիայի նկատմամբ Ռուսաստանի հաղթանակի հետ, հանդես եկել արևմտահայ գաղթականներին անհապաղ օգնություն կազմակերպելու կոչով, հավանություն տվել հայկական կազմակերպությունների համագումար հրավիրելու նախաձեռնությանը: Ջիվելեգովը խմբագրական հոդված է նվիրել Թալեաթ փաշայի՝ գերմանացի լրագրողի հետ զրույցին, որտեղ ցույց է տվել արևմտահայերի գլխավոր դահճի սուտն ու երեսպաշտությունը, գրել, որ «Հայերի ջարդերը կատարվել են նախօրոք մշակված ծրագրով, որ այդ ծրագրի գլխավոր մասը այն էր, որ ինչքան հնարավոր է շատ հայ կոտորել...»: «Նեոթուրանիզմը և Հայաստանը» (1916 թ.) հոդվածում մերկացրել է պանթյուրքիզմի քաղաքականությունը, գրել, որ «Թուրքիան նպատակ ունի արմատախիլ անել Հայաստանը՝ Կիլիկիայի հետ, որը սեպի նման խրվել է մահմեդական Արևելքի սրտի մեջ»: Ջիվելեգովը ողջունել է Փետրվարյան հեղափոխությունը Ռուսաստանում, Հայկական հարցի լուծումը կապել նրա հետ: Հայ ժողովրդի քաղաքական կյանքի կարևորագույն խնդիրն է համարել արևելահայերի և արևմտահայերի ջանքերի միավորումը՝ հանուն Հայաստանի ապագայի, ինքնավար Հաաստանի ստեղծման ու գոյատևման երաշխիքը տեսել է Ռուսաստանի հանրապետության հովանավորության ներքո: Իր հավանությունն է արտահայտել «Թուրքահայաստանի մասին» դեկրետին՝ գտնելով, որ «Ռուսաստանի օգնությունը կարող է արտահայտվել միայն նրանում, որ Հայաստանում կթողնվի ռուսական բանակի գոնե մի մասը»: 1918 թ. թուրքական արշավանքի մասին գրել է. «Պահը, որին մենք մերձենում ենք, ճգնաժամային է Հայաստանի պատմության մեջ: Հարցը դրվում և վճռվում է հույժ որոշակի: Լինի թե՝ չլինի Հայաստանը-այս է հարցը» ("Армянский вестник", 1918, N3, էջ 2-3): 1946 թ. փետրվարի 20-ին Ջիվելեգովը ելույթ է ունեցել Մոսկվայում «Հայաստանը և Թուրքիան» հրապարակային դասախոսությամբ, որտեղ տվել է Հայկական հարցի քաղաքական և դիվանագիտական պատմության փուլերը՝ 1878 թ. Սան Ստեֆանոյի պայմանագրից մինչև 1920 թ. դեկտեմբերը:

Ս. Կիրակոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am