ՋԱՆՇՅԱՆ (Ջանշիև) Գրիգոր Ավետի (1851 թ., Թիֆլիս 1900 թ., Մոսկվա), հրապարակախոս, հասարակական գործիչ: Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, ապա՝ ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Հոդվածներով ու ակնարկներով հանդես է եկել ռուսական մամուլում, պայքարել դեմոկրատական, բարոյական, իրավական նորմերի կենսագործման համար: Ճանաչվել է «Մեծ ռեֆորմների դարաշրջանը» (1892 թ.) պատմահրապարակախոսական աշխատությամբ: Լինելով «Ռուսկիե վեդոմոստի»-ի (Русские ведомости″) հրատարակիչ-խմբագիրներից, գործուն մասնակցելով ռուսական գրական-հասարակական կյանքին՝ Ջանշյանը նպաստել է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ռուս հասարակայնությանը ներկայացնելու գործին, ուշադրություն հրավիրել արևմտահայերի ծանր կացության և նրանց ազատագրական պայքարի վրա: 1893 թ. ՋանշյանըԴիև» ծածկանունով) լույս է ընծայել «Հայկական հարցը Թուրքիայում» գրքույկը, որտեղ գրել է, որ Հայկական հարցը պետք է վճռել «իրավունքի, արդարության, մարդասիրության պահանջների համաձայն»: 1894-96 թթ. հայկական կոտորածների կապակցությամբ նախաձեռնել, կազմել և հրատարակել է «եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» (հ. 1-2, 1897-98 թթ., ռուսերեն) ժողովածուն, որի հասույթով ստեղծել է դրամական ֆոնդ՝ հայերին օգնելու համար: Այդ գումարով Արևմտյան Հայաստանում բացվել է 12 մանկատուն-ապաստարան:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am