«ԺԱՄԱՆԱԿ», հասարակական-քաղաքական և գրական օրաթերթ: Հրատարակվում է Կ. Պոլսում, 1908-ից (ընդհատումով՝ 1914-22-ին): Տնօրեններ և խմբագիրներ՝ Մ. Գոչունյան, Պ. Քեչյան, Է. Սիմքեշյան, Գ. Խուդավերդյան, Վ. Սայաճյան, Ա. Պողոսյան, Ս. Գոչունյան, Ենովք Արմեն, Արա Գոչ, Բ. Թուդլաճյան: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո՝ Կ. Պոլսի ամենաազդեցիկ օրաթերթը: Ուշադրության կենտրոնում են եղել Հայկական հարցն ու Հայ դատը: Հրապարակել է բազմաթիվ հոդվածներ Հայկական հարցի դիվանագիտական պատմության, ֆիդայական շարժման, հայ քաղաքական կուսակցությունների դիրքի և մարտավարության վերաբերյալ: «Ժամանակ» պահանջել է պատասխանատվության ենթարկել 1909-ի Ադանայի կոտորածի կազմակերպիչներին, եվրոպական մամուլից արտատպել է այդ բարբարոսությունը մերկացնող հոդվածներ:

Ազգային ինքնորոշման հարցում ունեցել է չափավոր դիրք, կողմնակից էր Օսմանյան կայսրության կազմում Հայաստանի ինքնավարությանը: Չի հարել հայ քաղաքական կուսակցություններից որևէ մեկի քաղաքական գործելակերպին: XX դ. սկզբին քննադատել է թուրքական կուսակցությունների ներքին քաղաքականությունը: Առաջին աշխարհամարտը սկսվելուց հինգ ամիս առաջ տպագրած հոդվածով հայտնել է, որ Թուրքիան և Գերմանիան համաձայնության են եկել հայերին տեղահանելու և Միջագետք ուղարկելու վերաբերյալ:

Ա. Խառատյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am