ՋԱՄԱԼՅԱՆ (Իսահակյան) Արշակ (1882 թ., Գանձակ - 1940 թ., Փարիզ), հասարակական-քաղաքական, պետական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Էջմիածնի Գեորգյան ճեմարանը (1901 թ.): 1905 թ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է հայատյաց ցարական ոստիկանապետի ահաբեկչությանը, որի համար բանտարկվել է: 1906 թ. Գերմանիայում զբաղվել է հասարակական գիտությունների ուսումնասիրությամբ, հիմնադրել ՀՀԴ «Եվրոպայի հայ ուսանողական միութունը», հրատարակել «Ուսանող» պարբերականը և հայ ազատագրական պայքարը լուսաբանող գրքույկներ (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն): 1909 թ. վերադարձել է Կովկաս, դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, աշխատակցել «Հորիզոն» օրաթերթին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ հայ կամավորական ջոկատների կազմակերպիչներից (անձամբ կռվել է ուսանողական կամավորական ջոկատում): 1917 թ. հոկտեմբերից՝ հայոց Ազգային խորհրդի անդամ: Մասնակցել է Երզնկայի զինադադարի կնքմանը (1917 թ. դեկտեմբեր): 1918 թ.՝ Անդրկովկասյան սեյմի անդամ: Եղել է Հայոց ազգային խորհրդի (1918 թ.)՝ Բեռլին մեկնած Ազգային պատվիրակության կազմում: 1918 թ.՝ Հայաստանի Հանրապետության դեսպանը Թիֆլիսում, 1919 թ.՝ Հայաստանի խորհրդարանի անդամ, զինահավաքման արտակարգ կոմիսար, 1920 թ.՝ հաղորդակցության ճանապարհների նախարար: 1920 թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսիում ստորագրել է զինադադարի համաձայնագիր Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Բ. Լեգրանի հետ: 1921 թ. մասնակցել է բոլշևիկների և դաշնակցականների միջև Ռիգայի բանակցություններին: Խորհրդային իշխանության հաստատումից հետո անցել է Թիֆլիս, ապա՝ Կ.Պոլիս, այնուհետև՝ Ֆրանսիա: 1925-33 թթ. Փարիզում հրատարակվող «Դրոշակ» ամսագրի խմբագրութան անդամ էր: 1934 թ. կազմակերպել է «Հայ-վրացական միությունը»: Գրել է «Դաշնակցության տեսությունը» գիտական աշխատությունը (1908 թ.), թատերգություններ՝ «Տարերքի ընդվզումը», «Գծից դուրս», «Նահապետ Նահապետյան» ևն:

Ե. Գասպարյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

Տե՛ս ավելին՝

Ազգային հարցը մարքսիզմի քուրայում, «Դրոշակ», 1928, N 277:

Հայ-վրացական կնճիռը, «Հայրենիք», 1928, հ. 6, N6-12, հ. 7, N 1, 1929, հ. 7, N4-6:

Հ. Քաքազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը, նույն տեղում, 1924, հ. 2, N3, 4, 5, 8, 9: Մարքսիզմի փոխակերպությունները, «Դրոշակ», 1926, N251-253:

Հայաստանի անկախության խնդիրը և Ռուսաստանը, «Յուսաբեր», 1938, հունիսի 8-11:

Չթչյան Ս., Հուշեր Արշակ Ջամալյանի մասին, «Հայրենիք», 1941, N 5-6:

Լազյան Գ., Դեմքեր հայ ազատագրական շարժումեն, Կահիրե, 1949, էջ 286-303:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am