ԻԶՄԻՐ, Զմյուռնիա, քաղաք Թուրքիայում, Էգեյան ծովի Իզմիրի ծոցի ափին, Իզմիր իլի վարչական կենտրոնը: Իզմիրի՝ «վաճառականության... մեջ հաջողակ» հայերի մասին առաջին անգամ հիշատակվում է 1261-ի մարտի 13-ին, բյուզանդական Միքայել Պալեոլոգ կայսեր և Ջենովայի առևտրականների կնքած մի պայմանագրում: Իզմիրի հայ գաղութը ստվարացել է XVII դ. սկզբին, երբ թուրք-պարսկական պատերազմների, ջալալիների ասպատակությունների, սովի հետևանքով կրկին անապահով կացության մեջ հայտնված Հայաստանի տարբեր մասերից բազմաթիվ հայեր հաստատվել են քաղաքում և շրջակա բնակավայրերում (Մանիսա, Այտըն, Գուշատա, Մենեմեն, Նազիլի, Դենիզլի, Թիրա, Բայանդըր ևն): Ըստ ֆրանսիական ճանապարհորդ Տավեռնիեի, 1631-ին Իզմիրում ապրում էր 8 հզ. հայ: XVIII դ. Իզմիր են գաղթել բազում հայեր Սյունիքից (Մեղրի, Կապան, Սիսիան), մասամբ՝ Արարատյան դաշտից (Երևան, Կարբի, Քանաքեռ), Արցախից, Նախճավանից, Արևմտյան Հայաստանից: Շատ հայեր էլ Իզմիրում բնակություն են հաստատել նաև առևտրական նկատառումներով: Նրանք Էգեյանի մատույցներն էին տեղափոխում մետաքս, բամբակ, թուզ, չորացրած միրգ, տնայնագործական արտադրանք, XVII-XVIII դդ. զգալի ներդրում ունեին իտալական (Վենետիկ, Լիվոռնո), ֆրանսիական (Մարսել), հոլանդական (Ամստերդամ), եվրոպական այլ երկրների հետ առևտրում՝ էապես նպաստելով Եվրոպայի և Ասիայի ապրանքափոխանակությանը: Զմյուռնահայերի առևտրական հարաբերությունները Ռուսաստանի հետ զարգացել են XVII-XVIII դդ.: Դրան հատկապես նպաստել են զմյուռնացի հայ վաճառականներ Ապրոյան եղբայրներին Պետրոս Մեծի շնորհած (1717) առևտրական արտոնությունները: Իզմիրի հայ վաճառականները XVII-XIX դդ. զգալի ավանդ են ունեցել Արևելքի և Արևմուտքի առևտրում:

Մինչև 1825-ը Զմյուռնիան եղել է Էջմիածնի «տերունի թեմը», որից հետո անցել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի իրավասության ներքո: Այն կարևոր դեր է խաղացել նաև հայ մշակույթի զարգացման գործում: Այստեղ դեռևս 1759-ին հիմնվել է Մահդեսի Մարկոսի տպարանը, այնուհետև գործել են այլ տպարաններ (Մեսրոպյան, Տետեյան, Մամուրյան ևն): Կրթամշակութային հայտնի հաստատություններ էին Ս. Մեսրոպյան (հիմնվել է 1789-ին), Ս. Հռիջսիմյան (1821) վարժարանները, կային նաև մասնավոր դպրոցներ (Աղաբեկյան, Սարգսյան, Սավալանյան, Վանագետյան): Մինչև 1922-ը լույս է տեսել 36 հայկական թերթ և ամսագիրԱրշալույս Արարատյան», «Միություն», «Շաղիկ», «Արևելյան մամուլ», «Մետեորա», «Արշալույս», «Դաշինք» ևն): Գործել են նաև բազմաթիվ մշակութային ընկերություններ, թատրոն:

1922-ի սեպտեմբերին Իզմիր ներխուժած քեմալական զորքերը ոչնչացրել են հույն և հայ բնակչության մեծ մասին: Փրկվածներն ապաստանել են Հունաստանում, այնուհետև ցրվել Եվրոպայի և Ամերիկայի տարբեր երկրներ:

Ա. Խառատյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am