ԻՏԱԼԻԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ: Հայկական հարցը Իտալիայի արտաքին քաղաքականության ոլորտ է մտել 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից և 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրում արտացոլվելուց հետո: Պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունը նրա քայքայման սպառնալիք էր ստեղծում, և Իտալիան երկյուղում էր զրկվել Միջերկրական ծովի շրջակայքում իր առավելություններից, եթե տերություններից որևէ մեկը իր ազդեցությունն ուժեղացներ Բալկանյան թերակղզում: Այդ իսկ պատճառով Իտալիան դեմ էր արտահայտվում Սան Ստեֆանոյի պայմանագրին, բայց զերծ էր մնում հակառուսական խմբավորման մեջ մտնելուց: 1878-ի մարտին Մեծ Բրիտանիայի կառավարությունը Հռոմի իր դեսպանին ցուցում է տվել՝ ներազդել իտալական կառավարության վրա, որպեսզի նա միանա Մեծ Բրիտանիային, Ավստրո-Հունգարիային և Հունաստանին՝ Միջերկրականում ու սևծովյան նեղուցների շրջանում իրենց առևտրական ու քաղաքական շահերը «պաշտպանելու» համար: Իտալիայի արտգործնախարար Ի. Կորտին մերժել է՝ պատճառաբանելով, թե Իտալիան չեզոքություն է պահպանում եվրոպական գործերում: Բացի այդ, Իտալիան ձգտում էր թույլ չտալ Ավստրո-Հունգարիայի ազդեցության ուժեղացում Օսմանյան կայսրությունում և, մասնավորապես, Բալկաններում:

1878-ի Բեռլինի կոնգրեսի նախօրյակին եվրոպական առաջին մայրաքաղաքը, ուր այցելել է Մ. Խրիմյանի գլխավորած հայ ազգ պատվիրակությունը, Հռոմն էր: 1878-ի մարտի 27-ին պատվիրակությանն ընդունել է արտգործնախարար Ի. Կորտին: Պարզվել է, որ Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բավականին աղոտ պատկերացում ունի հայերի պահանջատիրության մասին: Համապատասխան պարզաբանումներ ստանալուց և ներկայացված փաստաթղթերին ծանոթանալուց հետո, Կորտին ընդհանուր արտահայտություններով խոստացել է պաշտպանել հայերի պահանջները: Իսկ երբ Բեռլինի կոնգրեսի երկրորդ նիստում որոշվել է, որ առանց տերություններից որևէ մեկի լիազոր ներկայացուցչի միջնորդության քննարկման չի դրվի որևէ դիմում կամ զեկուցագիր, հայկական պատվիրակությունը հունիսի 25-ին իտալական պատվիրակության ղեկավար Ի. Կորտիին հանձնել է իր խնդրագիրը, Հայաստանի ինքնավարության ծրագիրը և վիճակագրական տվյալներ Թուրքիայի հայկական նահանգների մասին: Սակայն այդ փաստաթղթերը ուշադրության չարժանացան: Տերություններից և ոչ մեկը, այդ թվում Իտալիան, չպնդեց Հայկական հարցը կոնգրեսի օրակարգի մեջ մտցնել: Հետագայում իտալական կառավարությունը մասնակցեց Արևմտյան Հայաստանի բարենորոգումների իրականացումը պահանջող տերությունների համատեղ գործողություններին: Մասնավորապես, Օսմանյան կայսրությունում իտալական դեսպանը ստորագրեց 1880-ի հուլիսի 2-ի և սեպտեմբերի 11-ի նոտաները սուլթանական կառավարությանը: 1890-ական թթ. կեսին, Հայկական հարցի սրման ժամանակ, իտալական կառավարությունը սուլթանից պահանջեց իրագործել բարենորոգումները, ապահովել Օսմանյան կայսրության քրիստոնյաների կյանքի անվտանգությունը, եվրոպական մյուս տերությունների հետ համատեղ քայլեր կատարեց հայերի նոր ջարդեր թույլ չտալու ուղղությամբ: 1896-ի նոյեմբերի 1-ին իտալական դեսպանորդ Պանսային ընդունեց Աբդուլ Համիդ II-ը. իտալական դեսպանորդը սուլթանին համառորեն համոզում էր, որ կայսրությունում կարգուկանոնը վերականգնելու միակ միջոցը՝ հայկական բարենորոգումներին ընթացք տալն է: 1895-96-ին Իտալիայի կառավարությունը քանիցս իր դեսպանին հորդորել է համատեղ քայլերի դիմել եվրոպական մյուս երկրների հետ Հայկական հարցում:

1912-14-ի Հայկական բարենորոգումների հարցի քննարկման ժամանակ Իտալիան պաշտպանել է իր դաշնակիցներին՝ Գերմանիային և Ավստ-րո-Հունգարիային (1882-ից Իտալիան հարել էր ավստրո-գերմանական դաշինքին), հանդես եկել բարենորոգումների ռուսական նախագծի դեմ, մերժել վեց վիլայեթներից հայկական միասնական մարզ ստեղծելու գաղափարը՝ պնդելով քննարկման հիմքում դնել թուրքական նախագիծը ևն:

1914-16 թթ., սկսված համաշխարհային պատերազմի պայմաններում, Արևմտյան Հայաստանի քաղաքներում հավատարմագրված իտալական հյուպատոսությունները կանոնավոր կերպով իրեն կառավարությանը տեղեկացրել են հայ բնակչության ջարդերի ու տեղահանության մասին: Վանի իտալական հյուպատոս Գ. Սպորդոնը 1915-ի մայիսի 31-ի զեկուցագրում մանրամասն և անկողմնակալ կերպով լուսաբանել է Վանի և Վանի նահանգի 1915-ի ապրիլ-մայիսի իրադարձությունները: Հայերի տեղահանության և ցեղասպանության մասին հարուստ տեղեկություններ կան Տրապիզոնի իտալական հյուպատոս Ջ. Գորինիի զեկուցագրերում: Եվ, այդուհանդերձ, Իտալիայի կառավարությունը չբողոքեց երիտթուրքական կառավարության այդ հանցավոր քաղաքականության դեմ Հայկական հարցում միշտ որդեգրելով զգուշավոր դիրքորոշում:

1915-ի            մայիսին Իտալիան պատերազմ հայտարարեց Գերմանիային, Անտանտի երկրները համաձայնագիր կնքեցին Իտալիայի հետ, որը հաշվի էր առնում իտալական պահանջատիրությունը Թուրքիայի որոշ տարածքների նկատմամբ: 1916-ի Սայքս-Պիկոյի համաձայնագրի վրա երևան եկավ «կանաչ» գոտին (Հարավ-Արևմտյան Անատոլիա) և «C» գոտին (Արևմտյան և Կենտրոնական Անատոլիայի մի մասը), որոնք ճանաչվում էին Իտալիայի ազդեցության ոլորտ:

1919-ի փետրվարին Իտալիայի պրեմիեր մինիստր Վ. Օռլանդոն համաձայնեց Մեծ Բրիտանիայի առաջարկությանը՝ «օրինականություն և կարգուկանոն հաստատելու համար» իտալական 2 դվիզա ուղարկել Հայաստան: Բայց նրա կառավարության անկումից հետո նոր պրեմիեր Ֆ. Նիտտին հրաժարվեց այդ գաղափարից: 1920-ի Սան Ռեմոյի կոնֆերանսում Նիտտին հանդես եկավ Թուրքիայի հանդեպ «ավելի մեղմ» վերաբերմունքի օգտին և դեմ արտահայտվեց Հայաստանի Հանրապետության տարածքը Թուրքիայի հաշվին ընդարձակելուն և դեպի Սև ծով նրան ելք տրամադրելուն: 1918-20-ին Իտալիայի արտգործնախարարի լիազոր ներկայացուցիչը Թիֆլիսում և Երևանում համակարգում էր Հայաստանի Հանրապետությանն ու արևմտահայ փախստականներին ցուցաբերվող իտալական օգնության աշխատանքները:

Ա. Կիրակոսյան

Ս. Մանուկյան (Իտալիա)

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am