ԻՇԽԱՆՅԱՆ Բախշի [1879 թ., գ. Խանձք (ԼՂՀ Ասկերանի շրջանում) – 1921 թ.], հասարակական-քաղաքական գործիչ: Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, Լայպցիգի առևտրական ինստիտուտը (1905): Հարել է ՀՀԴ կուսակցությանը: 1903-ին մասնակցել է Սոցիալ-դեմոկրատական հայկական բանվորական կազմակերպության (սպեցիֆիկներ) հիմնադրմանը, 1906-ից խմբագրել նրա «Կյանք» պաշտոնաթերթը: Աշխատակցել է «Մշակ», «Արշալույս» թերթերին: Պաշտպանել է հայ պրոլետարիատի ինքնուրույն կուսակցության ստեղծման գաղափարը, պայքարել Անդրֆեդերացիայի գաղափարի դեմ: «Տաճկահայ խնդիրը և միջազգային դիպլոմատիկան» (1906 թ.) և «Թուրքիայի ապագան» (1907 թ.) ուսումնասիրություններում շարադրել է Հայկական հարցի մասին իր տեսակետը: Իշխանյանը գտնում էր, որ սխալ է Հայկական հարցի լուծումը կապել Ռուսաստանի ազատագրական առաքելության հետ՝ նշելով, որ ռուսական դիվանագիտությունը հակառակ է արևմտահայերի հարցի լուծմանը: Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը Բեռլինի կոնգեսում մերժվելուց հետո, փաստորեն ժխտվեց Փոքր Ասիայում նվաճումներ իրականացնելու ռուսական ծրագիրը: Դրանից հետո Ռուսաստանն էր, որ թիկունք կանգնեց Թուրքիային և, ըստ Իշխանյանի, խրախուսեց հայկական կոտորածները: Ռուսական ինքնակալության տապալումով, ըստ Իշխանյանի, թուրքական կառավարությունը կկորցներ այն ուժն ու հենարանը, որոնց աջակցությամբ կոտորում էր հայերին: Իշխանյանի կարծիքով, արևմտահայերի ազգային-ագատագրական ակտիվ պայքարը դաշնակցության ղեկավարությամբ զուրկ է հաջողության հասնելու հեռանկարից և ուժերի զուր վատնում է, և որ արևմտահայերը պետք է ընտրեն պայքարի պասիվ ձևեր, կազմակերպվեն, համատարած դարձնեն ազատագրության գաղափարը, համերաշխեն շրջապատի ժողովուրդների հետ: Արևմտյան Հայաստանը պետք է դառնար համաթուրքական հեղափոխական շարժման այնպիսի առաջատար մի ուժ, ինչպիսին Լեհաստանն էր ռուսական առաջին հեղափոխության տարիներին: Արևմտահայերն իրենց ապագան պետք է կապեն համաթուրքական հեղափոխական շարժման հաջողության հետ: Իշխանյանը հերքել է դաշնակցության այն մեղադրանքը, թե սոցիալ-դեմոկրատները, իբր, հանդես են գալիս արևմտահայերի ազատագրության դեմ: Իշխանյանը մեղադրվել է հակացարական գործունեության մեջ, բանտարկվել (1908 թ.): Ազատվելուց հետո, որոշ ժամանակ (1911-13 թթ.) ապրել է Գերմանիայում, ապա վերադարձել Կովկաս: Հոկտեմբերյան հեղափոխությունից և 1918-ի Բաքվի հայկական կոտորածներից հետո պայքարել է բոլշևիկների դեմ՝ մեղադրելով նրանց իրենց իսկ հռչակած սկզբունքներից և ժողովրդավարությունից հեռանալու մեջ: Հայաստանի Հանրապետության ստեղծումից հետո ղեկավարել է վիճակագրական բաժնի տեսչությունը: 1921-ին տարագրվել է Իրան՝ նպատակադրվելով անցնել Եվրոպա, սակայն ճանապարհին մահացել է:

Գ. Խուդինյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am