ԻՇԽԱՆ, Վանա Իշխան (Պողոսյան Նիկոլ) [1883 թ., Շուշի – 1915 թ., գ. Հիրճ (Շատախի գավառում)], ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Շուշիի և Երևանի թեմական դպրոցներում: Գործել է (1901-03 թթ.) Ալեքսանդրապոլում, Կարսում: Նևրուզի «Շանթ» խմբի կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, 1903-ին մտել Վան և մնացել մինչև մահը: Գյուղերում ստեղծել է գաղտնի խմբեր և կազմակերպություններ, աջակցել և անձամբ հսկել կրթության գործը: Գործունեություն է ծավալել կառավարության հսկողությունից համեմատաբար զերծ մնացած շրջաններում, զինել ժողովրդին և կազմակերպել ինքնապաշտպանություն: 1908-ին, երիտթուրքական հեղաշրջումից հետո, մերժել է կազմալուծել ֆիդայական խմբերը: 1915-ի ապրիլին, երբ Վանի կուսակալ Ջևդեթը դիմել է ՀՀԴ ԿԿ-ին՝ հարթել Շատախի հայ-թուրքական միջադեպը, Իշխանը ընկերների հետ ուղևորվել է Շատախ՝ բանակցությունների: Սակայն Հիրճ գյուղում գիշերը քնած ժամանակ թուրքերը դավադրաբար սպանել են Իշխանին և նրա ընկերներին:

Ա. Ներսիսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am