ԻՍԱՀԱԿՅԱՆ Ավետիք Սահակի (1875 թ., Ալեքսանդրապոլ – 1957 թ., Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Գրական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի կազմի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և ղրամական միջոցների հայթայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերղում: Բանտից ղուրս գալուց հետո տպագրել է «Երգեր ու վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897 թ.), սակայն շուտով կրկին ձերբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող «ընդհատակյա հեղափոխական կազմակերպությունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ:

1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը), խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագրվել է:

Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին ԱրևմտյանՀայաստանիինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանացի մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության պարբերական «Մեսրոպ» հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռնամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներում: Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդակությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: «...ինչպե՜ս մոռնալ մեր միլիոն մեռելները, ինչպե՜ս մոռնալ, ի տես ազատ ու մեծ Հայաստանի՝ նույնիսկ անկարելի է մոռնալ հարյուր տարվա չափ՝ մեր անծայր աղետը: Ես այնպես խորն եմ հարվածված ու շփոթված, որ երկար ժամանակ ինձ չպիտի կարողանամ գտնել՝ մի ոտանավորով գոնե արտահայտել զգացածս սուգն ու բերկրանքը», - գրել է բանաստեղծը (Երկ. ժող., հ. 6, 1970, էջ 171): Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:

XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի Հայկական հարցը»,- ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի. ..», - սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:

Ա. Իսահակյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am