ԻՆՃԻԿՅԱՆ Հովհաննես Գրիգորի (1913-1990 թթ.), պատմաբան, արևելագետ: Պատմական գիտությունների դոկտոր (1974 թ.), պրոֆեսոր (1984 թ.): Հեղինակ է Թուրքիայի պատմության նոր շրջանին վերաբերող աշխատությունների: «Օսմանյան կայսրության բուրժուազիան» (1977 թ., ռուսերեն) մենագրության մեջ վերլուծել է Օսմանյան կայսրության բազմազգ բուրժուազիայի զարգացման ուղիները, ցույց տվել այդ ընթացքի առանձնահատկությունները, նշել, որ այլազգի, ոչ թուրք բուրժուազիան (հատկապես հայ, հույն ևն) նշանակալի տեսակարար կշիռ է ունեցել երկրի տնտեսության զարգացման մեջ, իր քաղաքական դիրքորոշմամբ եղել պակաս պահպանողական, քան թուրք բուրժուազիան: Ձևավորվող թուրք ազգային բուրժուազիան հակամարտության մեջ է մտել այլազգի բուրժ խմբերի հետ և, ի վիճակի չլինելով դուրս մղել նրանց տնտեսական մրցակցությամբ, հաճախակի զավթել է այդ ազգերի, առաջինը՝ հայ բուրժուազիայի, հարստությունը, արգելել և խոչընդոտել նրա գործունեությունը՝ ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացումը: «Օսմանյան կայսրության անկումը» (1984 թ.) աշխատության մեջ արծարծել է XX դ. սկզբի Օսմանյան կայսրության քայքայման և անկման սոցիալ-տնտեսական պատճառները, ցույց տվել, որ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումը չկասեցրեց քայքայման ընթացքը և կայսրության փլուզումը, քանի որ երկրում չէին անցկացվել սոցիալ-տնտեսական քիչ թե շատ շոշափելի վերափոխություններ: Երիտթուրքերը, շարունակելով ոչ թուրքական բուրժուազիային տնտեսությունից դուրս մղելու քաղաքականությունը, այն հասցրին ընդհուպ մինչև քրիստոնյա բնակչության, հատկապես հայերի, զանգվածային ոչնչացման:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am