ԻԳՆԱՏԵՎ Նիկոլայ Պավլովիչ (1832-1908 թթ.), ռուս դիվանագետ և պետական գործիչ, կոմս, գեներալ: Դիվանագիտական ծառայության մեջ է եղել 1856- ից (Լոնդոն, Պեկին), 1861-64-ին՝ արտգործնախարարության Ասիական դեպարտամենտի տնօրեն, 1864-77-ին՝ դեսպանորդ, ապա՝ դեսպան Թուրքիայում: 1875-77-ի արևելյան ճգնաժամի ընթացքում խիստ դիրքորոշում է ունեցել թուրքական կառավարության նկատմամբ, որը առանձնապես դրսևորվել է Կ. Պոլսի 1876-77-ի միջազգային կոնֆերանսում՝ ի պաշտպանություն բալկանյան սլավոնների: Մեծ ազդեցություն է ունեցել սուլթան Աբդուլ Ազիզի վրա, ինչի համար հորջոջվել է «երկրորդ սուլթան»: Ռուսաստանի շահերին ծառայեցնելու ակնկալությամբ կարևոր դեր է խաղացել Գևորգ Դ Քերեստեջյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելու հարցում և ապարդյուն փորձել նրա միջոցով ազդել Կ. Պոլսի հայ հոգևոր և աշխարհիկ արևմտամետ ղեկավարության վրա: Եղել է 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի նախագծի հեղինակն ու Ռուսաստանի գլխավոր լիազորը նրա ստորագրման ժամանակ: Պայմանագրի կնքման նախօրեին սերտ հարաբերությունների մեջ է եղել Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի հետ և Հայաստանի ինքնավարությունը» փոխարինելով «տեղական պահանջներից բխող բարեփոխումներ» ևն անորոշ արտահայտություններով: Եվ, ինչպես հետագայում խոստովանել է իր «Հիշատակարանում», 16-րդ հոդվածը նա գրել է ոչ թե թուրքահայերի, այլ ռուս դիվանագիտության համար. «Հայերի համար շատ նշանակալից էր, որ Օսմանյան կայսրության գոյության օրվանից ի վեր առաջին անգամ հիշատակվում էր նրանց մասին, իսկ Բարձր դուռը հրապարակորեն ճանաչում էր հայ ազգի գոյությունը Ասիական Թուրքիայում» (Гр. Н. П. Игнатьев, "Сан-Стефано", "Исторический вестник", 1915, с. 59-60):

Ջ. Թորոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am