ԳՅՈՒԼԽԱՆԴԱՆՅԱՆ Աբրահամ (1875, Վաղարշապատ - 1946, Փարիզ), հասարակական, քաղաքական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1914-ին՝ Յարոսլավլի Դեմիդովյան բարձրագույն վարժարանի իրավաբանական բաժինը: 1898-ից զբաղվել է Բաքվի նավթաշրջանի հայ բնակչության ազգային և սոցիալական պայքարը կազմակերպելու գործով: 1905-06-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է մարտերին, կազմակերպել Գանձակի հայության ինքնապաշտպանությունը: 1910-ին ցարական իշխանությունները Գյուլխանդանյանին ձերբակալել են և բանտարկել (մինչև 1912-ը): 1913-ին մտել է Ազգային բյուրոյի կողմից Թուրքահայաստանում բարենորոգումներ անցկացնելու գործին օժանդակող պատասխանատու մարմնի մեջ: 1916-ից՝ Բաքվի Հայոց ազգային խորհրդի նախագահ: 1918-ին (Ռոստոմի հետ) մասնակցել է Բաքվի հայության դիմադրության կազմակերպմանը:

1919-ի հունիսին Գյուլխանդանյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, եղել ներքին գործերի և արդարադատության, 1920-ին՝ ելևմտական նախարար: 1920-ի դեկտեմբերի 2- ին Ա. Խատիսյանի հետ ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Խորհրդային իշխանության հաստատումից հետո անցել է Թիֆլիս, Կ. Պոլիս, ապա հաստատվել Ֆրանսիայում: Փարիզում զբաղվել է դաշնակցության դիվանում պահվող ավելի քան 100 հզ. վավերագրերի ու փաստաթղթերի կարգա- վորմամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, Փարիզը գերմանացիներից ազատագրելուց հետո, ֆրանսիական կոմունիստների պահանջով որդու հետ ձերբակալվել է, բանտարկվել (1944-ի հոկտեմբեր - 1945-ի սեպտեմբեր): Մեծ է Գյուլխանդանյանի վաստակը հայ հեղափոխական, ազգային-ազատագրական շարժման ղեկավարման և անկախ Հայաստանի պետական կյանքի կազմակերպման գործում:

Ե. Գասպարյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am