ԳՅԱՎԱՇ, Գավաշ, գավառակ Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի համանուն գավառում, Վանա լճի հարավային ափերին: Օսմանյան վարչական բաժանմամբ, XX դ. սկզբին կազմի մեջ էին մտնում նաև Կարճկանը, Մոկսը և Վերին Կարկառը: Բուն Գավաշը (ավելի քան 50 բնակավայր) գրավում էր գավառակի հյուսիս-արևելյան մասը՝ ընդգրկելով լիճը թափվող Հարբերդի, Հիրիճի, Նարեկի, Ոստանի, Պտտականից, Տախմանից գետակների հովիտները և Դևեբոյինի (Դիվաբույնի) թերակղզին: Գավաշին էին պատկանում նաև Աղթամար և Առտեր կղզիները: Կենտրոնը՝ Ոստան ավան: Գավաշը համապատասխանում էր Մեծ Հայքի Վասպուրականի նահանգի Ռշտունիք գավառին:

XIV-XV դդ. քրդական ցեղերի մուտքը, XVI-XVII դդ. թուրք-պարսկական երկարատև պատերազմները ծանր հարված հասցրին տեղի գրեթե միատարր հայ բնակչությանը, որի զգալի մասը բնաջնջվեց կամ գաղթեց: Անկում ապրեց տնտեսությունը, ավերվեցին և ամայացան շատ ծաղկուն բնակավայրեր, հռչակավոր Ոստան քաղաքը վերածվեց անշուք, հիմնականում՝ քրդաբնակ ավանի (հայերն այն վերջնականապես լքեցին XIX դ. 60-70-ական թթ.): Պակաս աղետալի չէր նաև XIX դ. 40-ական թթ. Հյուսիսային Միջագետքից եկած քրդական քոչվոր ցեղերի նոր ալիքը, որն էլ ավելի փոխեց Գավաշի էթնիկական պատկերը՝ աստիճանաբար հայաթափ անելով բազմաթիվ գյուղեր (Դեղձիս, Զառականց, Զևեն, Իշկերտ, Որբան, Վառենշատ, Վարանդանց, Տախմանց ևն): XX դ. սկզբին այստեղ դեռ հանդիպում էին հայկական հուշարձանների մնացորդներ (վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմաններ ևն): 1895-96-ի կոտորածների ժամանակ Գավաշի հայերը ենթարկվեցին նոր փորձությունների: Զոհվեցին 400-ից ավելի հայեր (Նարեկում՝ 129, Մոխրաբերդում՝ 60, Պատականցում՝ 57, Նորգեղում՝ 55 ևն): Եղան բռնի կրոնափոխության բազմաթիվ դեպքեր (միայն Տշողում՝ 50 մարդ): Մեծ էր նաև նյութական կորուստը: Բարբարոսաբար թալանվեցին շատ վանքեր և եկեղեցիներ (միայն Նարեկավանքի վնասը՝ 5-10 հազար թուրքական լիր), հրետակոծվեց Աղթամարի կաթողիկոսության կենտրոնը՝ հռչակավոր Ս. Խաչ վանքը: Այս ամենով հանդերձ, առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Գավաշը Վանի նահանգի առավել հայաշատ շրջաններից էր:

Տարբեր տվյալների համաձայն1913-14-ին     հայ բնակչության թիվը կազմում Էր 7,5-8 հազար (շուրջ 55 %): Աչքի ընկնող հայաբնակ գյուղերից էին Աթանանը, Բելուն, Գանձակը, Նարեկը, Նորգեղը, Մոխրաբերդը, Պատականցը, Փայխները, Փշավանցը: Հայ բնակչությունը գերազանցապես զբաղվում էր հողագործությամբ, արհեստներով, նաև՝ անասնապահությամբ:

1914-ի դեկտեմբերի 6-ին հիմնահատակ կործանվեց և սրի քաշվեց Բելու գյուղը (100-ից ավելի զոհ), իսկ 1915-ի ապրիլին ջարդերն ընդունեցին զանգվածային բնույթ: Չնայած ծանր կորուստներին (շուրջ 700 զոհ), Գավաշի հայ բնակչության մեծ մասը ինքնապաշտպանական խմբերի պաշտպանության ներքո տեղափոխվեց ավելի ապահով շրջաններ (Մոկս, Փեսանդաշտ): Վանը, ապա Շատախը ռուսական զորքերի և հայկական կամավորական ջոկատների կողմից գրավվելուց հետո փրկված գյավաշցիներն աստիճանաբար սկսեցին վերադառնալ և վերաշինել իրենց ավերված բնակավայրերը: Սակայն ռուսների հուլիսյան անսպասելի նահանջը ստիպեց Գավաշի հայերին ևս գաղթել Արևելյան Հայաստան: Հետագայում ռազմաճակատին մոտ լինելը թույլ չտվեց Գավաշի հայերին վերադառնալ, և այն վերջնականապես զրկվեց իր բուն բնակչությունից: 1950-ին այստեղ կանգուն էր միայն 21 գյուղ՝ շուրջ 5200 քուրդ բնակիչներով:

Գ. Բադալյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am