ԳՈՒՐԻԱՐԱՆ Խոսե Անտոնիո (ծ. 1939), իսպանացի լրագրող: Պատասխանատու պաշտոններ է վարել իսպանական մամուլի օրգաններում: Գրել է «Հնդկաստանը՝ ուրիշ աշխարհ» (անտիպ), «Կընկնի՞ Ալիենդեն» (1973), «Փախուստ» (1975) վավերագրական գրքերը, որտեղ շարադրել է իր պացիֆիստական հայացքները: 1980-ի դեկտեմբերին Մադրիդում մի ռմբահարման ժամանակ, որը կատարել էին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) կազմակերպության երեք մարտիկներ, Գուրիարան պատահաբար վիրավորվել է: Դա առիթ է ծառայել, որ Գուրիարան հետաքրքրվի Հայկական հարցով՝ փորձելով բացատրության գտնել ռմբահարողների արարքին: Ծավալուն հետազոտությունների, ճամփորդությունների և նրան վիրավորողների հետ անձնական հանդիպման հետևանքը եղել է «Ռումբը» գիրքը (1982), արժանացել է իրար հաջորդող երկու տպագրությունների), որտեղ Գուրիարան նկարագրել է ռմբահարումը, անդրադարձել իր տառապանքին (հիվանդանոցում), խորամուխ եղել հայերի պատմության, Հայկական հարցի ու ցեղասպանության խնդիրների մեջ՝ փորձելով վեր հանել հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը և թափանցել հայ երիտասարդների ահաբեկչական արարքների բուն էության մեջ, հասկանալ նրանց ապրած հոգեվիճակը, երբ դիմում են բրտության՝ իբրև միակ միջոցի՝ փշրելու համար հայկական խնդրի նկատմամբ տիրող լռությունը: Գուրիարանի դիրքը մեծ հաջողություն է ունեցել Իսպանիայում, որտեղ մինչ այդ հայերի ցեղասպանության պատմությունը փաստորեն անծանոթ էր:

Վ. Մաթևոսյան (Արգենտինա)

Աղբյուր՝ 

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am