ԳՈՒՐԳԵՆ (Մալյան Բաղդասար) [1873, Վերին Ագուլիս (Գողթան գավառում) - 1899, գ. Ցրոնք (Մշո գավառում)], ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Կրթությունը ստացել է ծննդավայրի դպրոցում: 1894-96-ին ծառայել է ռուսական բանակում: 1897-ի հուլիսին Վազգենի հետ 40 հոգուց բաղկացած խմբով անցել է Վան՝ Բերկրիում, Սպահան լճի մոտ հերոսական կռիվներ մղել քրդերի դեմ: Խլաթում ձեռնամուխ է եղել ընդհանուր ապստամբության կազմակերպման աշխատանքներին, համագործակցել Հրայրին, Բիթլիսում կազմակերպել է հայատյաց ոստիկանապետ Հիլմիի ահաբեկչությունը: Քաջությամբ աչքի է ընկել 1896-ի Կետի և 1898-ի Կոփի կռիվներում: 1898-99-ին գործել է նաև Մշո դաշտում, Սասունում: Գուրգենը բացառել է վաղաժամ հայդուկային շարժումները և ժողովրդին զինելով՝ նախապատրաստել է ընդհանուր ապստամբության: Մշո Ցրոնք գավառում հայդուկների հետ կազմակերպչական հարցերի շուրջ բանակցելիս մատնությամբ պաշարվել է և զոհվել անհավասար կռվում: Թաղված է Մուշի Ս. Մարինեի թաղի գերեզմանոցում:

Ա. Ներսիսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am