ԳՐԻՆ (Greene) Ֆրեդերիկ Դեյվիս, ամերիկացի միսիոներ: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության 1894-96-ի կոտորածների ժամանակ եղել է Արևմտյան Հայաստանում, և, որպես Հայ օգնության ազգային կոմիտեի (Նյու Յորք) քարտուղար, մեծ գործ կատարել տուժած հայերին օգնելու համար: «Հայկական ճգնաժամը Թուրքիայում: Ջարդ 1894» (1895), «Հայկական ջարդերը կամ Մուհամմեդի սուրը» (1896), «Թուրքի իշխանությունը և հայկական ճգնաժամը» (1897) գործերում լուսաբանել է հայ ժողովրդի պատմությունը, Օսմանյան կայսրությանում հայ ժողովրդի վիճակը 1870-90-ական թթ., վերլուծել 1894-96-ի հայերի ջարդերի պատճառները, քննել Հայկական հարցի վերաբերյալ եվրոպական տերությունների և ԱՄՆ-ի քաղաքականությունը, ամերիկյան միսիոներների գործունեությունը Արևմտյան Հայաստանում, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հասարակայնության դիրքորոշումը Հայկական հարցում:

Ս. Կիրակոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am