ԳՐԵՅ (Grey of Fallodon) Էդուարդ (1862-1933), անգլիացի պետական գործիչ, դիվանագետ: Դերկոմս: 1885- ից՝ պառլամենտի անդամ լիբերալ կուսակցությունից, 1905-16-ին՝ արտաքին գործերի նախարար: Անտանտի (1907) կազմակերպիչներից: 1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Հայկական հարցի նոր արծարծման ժամանակ (տե՛ս Հայկական բարենորոգումներ 1912-14) վարել է երկդիմի քաղաքականություն՝ ի վնաս հայերի պաշտպանելով Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի և փաստորեն ձախողելով հայկական բարենորոգումների ռուսական ծրագիրը: Պատերազմի ժամանակ Անտանտի ղեկավարներից Գրեյը առաջինն էր, որ բարձրացրեց Օսմանյան կայսրության անդամահատման հարցը՝ հայտարարելով, որ եթե Թուրքիան հանդես գա Գերմանիայի կողմում, ապա «պետք է դադարի գոյություն ունենալուց»: Գրեյի ժամանակ և նրա անմիջական մասնակցությամբ են կնքվել Օսմանյան կայսրության, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի բաժանման վերաբերյալ գաղտնի համաձայնագրերը (տե՛ս Սայքս-Պիկոյի համաձայնագիր 1916), Օժանդակել է «Կապույտ գրքի» (1916) հրատարակմանը, Ջ. Բրայսին գրած նամակում այն բնութագրել որպես «սարսափելի վկայությունների մի հավաքածու», որը, սակայն, պետք է հրատարակվի և հետազոտվի բոլոր նրանց կողմից, ովքեր «մարդասիրական կարեկցանք ունեն իրենց սրտերում»:

Ջ. Թորոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am