Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Գորոդեցկի Սերգեյ Միտրոֆանովիչ

ԳՈՐՈԴԵՑԿԻ Սերգեյ Միտրոֆանովիչ (1884-1967), ռուս բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական գործիչ: 1916-ի ապրիլից եղել է Արևմտյան Հայաստանում, դարձել հայ ազգաբնակչության ջարդերի ականատեսը: Ծավալել է լայն գործունեություն հայերին մթերք հասցնելու, գաղթականներին բժշկական օգնություն և որբերին ապաստան տալու ուղղությամբ: Գորոդեցկիի հոդվածների և ակնարկների շարքը՝ «Գետակների ու հրաբուխների երկրում», «Հայաստանի հրեշտակը» բանաստեղծությունների ժողովածու, «Կարմիր թաթառ» վեպը, «Շամիրամի այգիները» անավարտ վեպը հեղինակի մտորումներն են Արևմտյան Հայաստանի և նրա բազմաչարչար ժողովրդի ճակատագրի մասին: «Աներևակայելի է, որ հարյուր հազարավոր խաղաղ, անպաշտպան մարդիկ հենց մարդկանց կողմից ենթարկվել են անսպասելի գազանային ջարդի, հոգու և մարմնի տանջանքների... Ցավի զգացողությունը... անչափելի է: Անուղղելի դժբախտություն, անջնջելի ամոթ, զայրույթ մարդկային հոգու ոտնահարման համար՝ ահա... այն զգացողությունը, որ առաջացնում է Թուրքիան» («Ավերված դրախտ», «Русское слово», 1916, N175): 1917-21-ին Գորոդեցկին ապրել և գործել է Անդրկովկասում, մասնակցել երկրի մշակութալուսավորական կյանքին, շփվել հայ մտավորականների, առանձնապես՝ Հ. Թումանյանի հետ: «Պատասխան Հովհաննես Թումանյանին», «Ժանգոտված գրիչներ», «Նոր վերք», «Կենդանի գերեզման», «Հայաստանի աղետը» հրապարակախոսական հոդվածներում, նաև «ճանապարհորդություն դեպի Երևան», «Վերջին ճիչը» շարքերուս Հայկական հարցի շուրջ իր ելույթներում Գորոդեցկին պաշտպանել է հայ ժողովրդի շահերը, մերկացրել եվրոպական տերությունների գաղութակալական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, հավատ հայտնել նրա կենսունակության հանդեպ: «Երբեք չեն կործանվում այն ազգերը, որոնք ծանրագույն աղետների ու ստորացումների պահերին կարողանում են պահպանել ազգային արժանապատվությունը: Չի կործանվի և Հայաստանը» («Pro Armenia», «Кавказское слово», «Կավկազսկոյե սլովո», 25.7.1918): «Ղարաբաղ» հոդվածում Գորոդեցկին նշել է այդ երկրամասի կարևոր դերը Հայաստանի համար. «Լինելով միասնական ազգագրականորեն, տնտեսապես ու լեզվով, Ղարաբաղը դարձել է Հայաստանի միջնաբերդը, նրա արևելյան թևը: Այդպիսին էր նա անցյալում, այդպիսին է այժմ, այդպիսին կլինի նա միշտ» («Кавказское слово», «Կավկազսկոյե սլովո», 23.3.1919):

Ս. Զաքարյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am