ԳՈՐԿԻ Մաքսիմ (Պեշկով Ալեքսեյ Մաքսիմովիչ) (1868-1936), ռուս գրող, հասարակական գործիչ: Խոր և բազմակողմանի ծանոթ էր հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, կապեր է ունեցել շատ հայ հասարակական-քաղաքական գործիչների հետ: Գորկին բազմիցս անդրադարձել է հայ ժողովրդի ճակատագրին, հանդես եկել նրա շահերի պաշտպանությամբ: 1905-ին գրել է «Կովկասյան իրադարձությունների մասին» հոդվածը, որտեղ բացահայտել է ցարական ինքնակալության դերը հայերի և կովկասյան թաթարների (ադրբեջանցիներ) միջև ազգամիջյան կռիվներ հրահրելու գործում, որի հետևանքով Անդրկովկասում տեղի ունեցան հայերի սպանդ ու կոտորածներ: Այդ իրադարձությունների մասին «Ռուսական ցար» պամֆլետումԱմերիկայում» շարքից, 1906) Գորկին նշել է. «Կովկասում հայերը թուրք հավատարիմ հպատակ թաթարների ձեռքով ջարդվեցին: Սակայն այդ իրադարձությանը տրվել է ազգային ատելության տեսք և պետք էր հավատալ, որ այդ այդպես է, և դա է ճշմարտությունը: Բայց ինչպես կարող էր պատահել, որ հայերն ու թաթարները, որոնք դարերով ապրել են միասին, հանկարծ անհաշտ թշնամիներ դառնային: Ի՞նչ տարօրինակ բան կա այստեղ: Չէ՞ որ երկրաշարժը նույնպես լինում է հանկարծակի... Երբ տաճկական սուլթանը ստիպեց քրդերին ու իր զինվորներին ոչնչացնել հայերին, նրանց ոչնչացրին տասնյակ հազարներով...» ("Горький и Армения'", 1968, с. 27 ): Հայտնի է նաև Գորկու անհանգստությունը Արևմտյան Հայաստանի համար 1910-ական թթ. սկզբին և նրա դիմումը Վ. Ի. Լենինին: Գորկու խմբագրությամբ հրատարակված «Հայ գրականության ժողովածուն» (1916) ևս յուրովի բողոք էր երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության դեմ: Հայ ժողովրդի ողբերգության հանդեպ իր վերաբերմունքը Գորկին արտահայտել է «Խորհրդային Միությունով» (1929) ակնարկների շարքում: Նա գրել է. «Ակամա մտաբերում ես XIX դ. վերջի - XX դ. սկզբի Հայաստանի ողբերգական պատմությունը, Կ. Պոլսի կոտորածը, Սասունի ջարդը, «մեծ մարդասպանին», իրենց «քրիստոնյա եղբայրների» աղետի հանդեպ «կուլտուրական» Եվրոպայի զազրելի անտարբերությունը, Հայաստանի եկեղեցական ունեցվածքի ամոթալի թալանը ինքնակալական կառավարության կողմից, վերջին տարիների թուրքական արշավանքների սարսափները, իրոք դժվար է հիշել բոլոր ողբերգությունները, որ վերապրեց այս եռանդուն ազգը: Զարմանալի արագ և հեշտությամբ են մոռանում նման փաստերը պարոններ «հումանիստները», իդեալիստները, ագահության, չարության, ստրկության, ժողովրդական զանգվածների լկտի բնաջնջման վրա հիմնված «մշակույթի» պաշտպանները: Սուտն ու երեսպաշտությունը այդ «մինչև ականջները արյան ու կեղտի մեջ թաղված մշակույթի» պաշտպանների հասնում է բացահայտ խելահեղության, հանցագործության, որին արժանի պատիժ չկա» (Собр. соч., т. 17, 1952, с. 134):

Ս. Զաքարյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am