Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Գորդլևսկի Վլադիմիր Ալեքսանդրովիչ

ԳՈՐԴԼԵՎՍԿԻ Վլադիմիր Ալեքսանդրովիչ (1876-1956), ոուս արևելագետ, ակադեմիկ: Հիմնական աշխատությունները վերաբերում են թուրքական գրականությանը, լեզվի պատմությանը, ազգագրությանը, Թուրքիայի պատմությանը: «Այնտեղ, ուր հնում ապրել հն հայերը» հոդվածում բազմաթիվ փաստերով ցույց է տվել հայերի մեծ դերը Օսմանյան կայսրության տնտեսական և մշակութային կյանքում, մերկացրել թուրքական կառավարող շրջաններին՝ իբրև հայերի ցեղասպանության կազմակերպիչների: 1917-ին եղել է Արևմտյան Հայաստանում: Նույն տարում հրատարակել է «Հայերը և պատերազմը» հոդվածը, որտեղ նկարագրել է հայերի կոտորածները Մուշում, Բաղեշում, ցույց տվել, որ հայ ժողովրդի ցեղասպանության մեջ մեղավոր են ոչ միայն թուրքերը, այլև նրանց դաշնակից Գերմանիան: Գորդլևսկին վստահություն է հայտնել, որ հայ ժողովուրդը իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու ահավոր ողբերգությունը. «Հարյուր հազարավոր անմեղ հայեր Թուրքիայում դարձան գազանությունների զոհ: Մեծագույն արիությամբ մահվան էին գնում Հայաստանի որդիները, նրանք գիտեին, որ մահվան միջով հայ ժողովուրդը կվերակոչվի կյանքի, լավագույն կյանքի: Եվ կապրի Հայաստանը» (Избр. Соч., т. 3, 1962, с. 130):

Կ. Խուդավերդյան

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am