Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Գորչակով Ալեքսանդր Միխայլովիչ

ԳՈՐՉԱԿՈՎ Ալեքսանդր Միխայլովիչ (1798-1883), ռուս դիվանագետ և պետական գործիչ, իշխան: 1817-ից՝ դիվանագիտական ծառայության մեջ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար (1856-82): 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո Գորչակովը մերժել է անգլիական կառավարության առաջարկը, որպեսզի Ռուսաստանի և Թուրքիայի միջև զինադադարի կնքմանը մասնակցեն եվրոպ. տերությունները: Նրա վճռով Թուրքիայի հետ կնքվել է նախնական համաձայնություն, քանի որ մյուս տերություններին վերաբերող հարցերը ենթադրվում էր լուծել համաեվրոպական կոնգրեսում: 1878-ի մարտին Գորչակովը անգլիական կառավարությանը ապացուցում էր, որ Արևմտյան Հայաստանի տարածքների գրավումը Ռուսաստանի համար ունի ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական նշանակություն, հիշեցնում, որ ռուսական զորքերը արդեն 3-րդ անգամն են գրավում Կարսի բերդը, և այդ արվում է սեփական սահմանները ապահովելու նպատակով: Բեռլինի կոնգրեսի (1878) նախօրեին հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Գորչակովը հայտարարել է, որ ցանկանում է «լավագույնս» լուծել Հայկական հարցը, սակայն դրան խանգարում է Անգլիան, դժգոհել է նաև այն բանից, որ հայերը դիմել են եվրոպական մյուս պետություններին ևս: Բեռլինի կոնգրեսին մասնակցել է որպես աոաջին լիազոր: Առաջին իսկ նիստում ձգտել է ապացուցել, որ ռուսական կառավարության նպատակն է ապահովել Օսմանյան կայսրության քրիստոնյա ժոդովուրդների ինքնակառավարման հնարավորությունը: Ռուս-թուրքական սահմանի հարցի քննարկման ժամանակ, վերջին նիստերից մեկում «ծերունական ցրվածության» պատճառով անգլիական ներկայացուցչի առջև բաց է արել նոր սահմաններ որոշելիս Ռուսաստանի հնարավոր զիջումների գաղտնի քարտեզները, ինչը Անգլիան օգտագործել է հօգուտ Թուրքիայի:

1878-ի հուլիսի 6-ին Բեռլինում ընդունել է հայկական պատվիրակությանը, հայտնել իր դժգոհությունը եվրոպական տերություններից, որոնք խանգարեցին Ռուսաստանին հանդես գալ որպես Օսմնյան կայսրությունում քրիստոնյա ժոդովուրդների պաշտպան, հրաժարվել է պաշտպանել հայերի պահանջը Արևմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ:

Ս. Կիրակոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am