ԳՈԼՈՇՅԱՆ Վարդան (Գոլոշյան Ալեքսանդր Գրիգորի) (1867, Թիֆլիս- 1889, Չուխ Գեդուկ), ազգային-ազատագրական շարժման գործիչ: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1877-79), Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1882-83): Մոսկվայում ուսանելու տարիներին հարել է «Հայրենասերների միություն» գաղտնի կազմակերպությանը: 1883-ից ազատագրական, հեղափոխական գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում (Վան, Սասուն, Մուշ): Ապա անցել է Սալմաստ (Իրան), հաստատվել Հավթվան գյուղում, որտեղ ազատագրական, հեղափոխական գործունեության հետ մեկտեղ աշխատել է որպես ուսուցիչ: Ուսումնասիրելով հայ ժողովրդի վիճակը Արևմտյան Հայաստանում՝ Գոլոշյանը գտել է, որ հայերը պետք է զենքի դիմեն և ազատագրվեն թուրքական լծից: 1887-ին Թիֆլիսում մասնակցել է ազատագրական խմբակների աշխատանքներին: Հակոբ Սարկավագի հայդուկային խմբին միանալու մտադրությամբ 1889-ի մայիսին իր համախոհների՝ Հ. Ագրիպասյանի և Կ. Գուլակսզյանի հետ ճանապարհվել է Տարոն: Մայիսի 24-ին Չախ Գեդուկի լեռնանցքում՝ Սպիտակ աղբյուրի մոտ, կռվի են բռնվել թուրքական ոստիկանների հետ, որի ժամանակ Գոլոշյանը զոհվել է:

Հ. Պողոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am