ԳԻԲԲՈՆՍ (Gilbbons) Հերբերտ Ադամս (1880-1934), ամերիկացի միջազգայնագետ, իրավաբան: Փիլիսոփայության դոկտոր: Երկար ժամանակ եղել է «Նյու Յորք Հերալդ» և եվրոպական մի շարք թերթերի թղթակիցը Թուրքիայում, դասավանդել է Տարսոնի ամերիկյան քոլեջում: Թուրքական կառավարության կազմակերպած հայկական կոտորածների ականատես: 1916-ին Նյու Յորքում հրատարակել է «Նոր պատմության ամենասև էջը: Իրադարձությունները Հայաստանում 1915 թ.: Փաստեր և պատասխանատվություն» գիրքը, որում իրական փաստերի հիման վրա նկարագրել է հայերի բռնագաղթը և ցեղասպանությունը: Գիբբոնսը վկայում է, որ «1915 թ. ապրիլից օսմանյան կառավարությունը ամբողջ Թուրքիայում... սկսեց իրականացնել հայ ժողովրդին կոտորելու մանրամասն մտածված ծրագիրը: Վեց ամսվա ընթացքում կոտորել են մեկ միլիոն հայ: Զոհերի թիվը և նրանց կոտորելու եղանակը անօրինակ են նոր պատմության մեջ» ( Последние избиения в Армении, П., 1916, с. 3): Գիբբոնսը առաջիններից մեկը, բացահայտել է հայերի տեղահանության և կոտորածների իրական նպատակները, առաջ քաշել թուրքական ղեկավար շրջանների պատասխանատվությունը հայերի ցեղասպանության համար, գերմանական կայսերական կառավարությանը մեղադրել թողտվության և անբարո քաղաքականություն վարելու մեջ: 1921-ին Ֆրանսիային մեղադրել է Կիլիկիայում թուրքասեր քաղաքականության համար, ինչը հանգեցրել է հայկական նոր կոտորածների և հայերին հարկադրել լքել այդ բնօրրանը ևս:

Ռ. Սահակյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am