ԳԵՂԱՄՅԱՆ Եղիշե, Հայկունի (1840, Ախալցխա-1920, Թիֆլիս), պատմաբան, հրապարակագիր: Ավարտել է Թեոդոսիայի Խալիբյան դպրոցը: Զբաղվել է հայ ազգային-ազատագրական շարժման հարցերով: XIX դ. վերջի հայկական պարբերական մամուլում («Մշակ», «Փորձ», «Արձագանք» ևն) հրատարակել է բազմաթիվ հոդվածներ, որոնցում լուսաբանել է հայ եկեղեցու դերը ազգային-տագրական շարժման մեջ, պաշտպանել այդ պայքարում հոգևոր դասի ղեկավար դերը, մերժել է հակաթուրքական պայքարում անհատական ահաբեկչական եղանակները: Հիմնականում օբյեկտիվ դիրքերից է մեկնաբանել Հայկական հարցում Ռուսաստանի երկդիմի քաղաքականությունը 1890-ական թթ. և առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին: Սուր քննդատության է ենթարկել ցարիզմի ձեռնարկումները 1905-06-ին հայ-թաթարական ընդհարումներ հրահրելու ուղղությամբ: Ունի աշխատություններ 1918-ին Անդրկովկաս թուրքական ներխուժման, Բաքվի կոտորածների վերաբերյալ, որոնցում մասնավորապես լուսաբանել է երիտթուրքերի պանթյուրքիստական ծրագրերի իրականացման գործում ադրբեջանական մուսավաթական կուսակցության խաղացած դերը:

Ա. Մելքոնյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am