ԳԵՎՈՐԳ Զ Չորեքչյան (1868, Նախիջևան-1954, Էջմիածին), Ամենայն հայոց կաթողիկոս, ազգային-հասարակական գործիչ: Ուսանել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1879-89), Լայպցիգի համալսարանում (փիլիսոփայության ու աստվածաբանության ֆակուլտետում) և կոնսերվատորիայում (1889-94): 1913-ին ձեռնադրվել է վարդապետ: 1915-ին հայկական կոտորածներից փրկված գաղթականների Եղբայրական օգնության կոմիտեի անդամ էր, 1916-ից կոմիտեի նախագահ: 1941-ից՝ կաթողիկոսական տեղապահ, 1945-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս: 1945-ի հոկտեմբերին նա ուղերձով դիմել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունների ղեկավարներին՝ Թուրքիայի հայկական նահանգները Հայաստանին վերադարձնելու հարցով: 1946-ի դեկտեմբերին Գեվորգ Զկրկնեց այդ պահանջը՝ արտասահմանյան հայերի հայրենադարձության վերաբերյալ ԽՍՀՄ կառավարության որոշման կապակցությամբ: Նշանակալի է Գեվորգ Զ-ի ավանդը Հայաստանի և սփյուռքահայության կապի ամրապնդման, տարագիր հայության հայրենադարձության (1946-48) կազմակերպման, ինչպես նաև սփյուռքի եկեղեցական և ազգային միասնության ապահովման գործում: Եռանդուն մասնակցություն է ունեցել հետպատերազմյան խաղաղության պաշտպանության շարժմանը: 1947-ի ապրիլին ողջունել է Հայկական համաշխարհային կոնգրեսը (Նյու Յորք)՝ նշելով հայկական նահանգները Հայաստանին վերադարձնելու պատմական արդարությունը: Նրա կաթողիկոսության օրոք վերաբացվեցին Էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպարանը, սկսեց հրատարակվել «Էջմիածին» ամսագիրը: Գեվորգ Զ գրել է քարոզներ, հոգևոր և ազգային երգեր:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am