ԳԵՎՈՐԳ Դ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ (Քերեստեճյան Գրիգոր Պետրոսի) (1813, Կ. Պոլիս - 1882, Էջմիածին), եկեղեցական, հասարակական գործիչ, Ամենայն հայոց կաթողիկոս: Սովորել է Կ. Պոլսի ժառանգավորաց վարժարանում: 1835-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վարդապետ, 1848-ին՝ եպիսկոպոս: 1844-ին Բրուսայի թեմի հոգևոր առաջնորդն էր: 1858-ի հոկտեմբերի 17-ին ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք, 1866-ին՝ կաթողիկոս: Ըմբռնելով ժողովրդական կրթության խնդիրները՝ Գևորդ Դ-ն ձեռնամուխ է եղել հայկական դպրոցական գործի կարգավորմանը: 1867-ին ստեղծել է Ուսումնական հանձնաժողով (հրատարակել է ծխական դպրոցների առաջին կանոնները), 1873-ին՝ թեմերի դպրոցական տեսչություն: Գևորգ Դ-ի շնորհիվ ձախողվել է հայկական դպրոցների նկատմամբ վարչական խիստ հսկողություն սահմանելու ցարական կառավարության մտադրությունը: 1868-ից կազմակերպել է «Արարատ» ամսագրի հրատարակումը, 1874-ին հիմնել Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1879-ին կառուցել Օշականի եկեղեցին (Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա): Գևորդ Դ-ն փորձել է լուծարել Սսի և Աղթամարի կաթողիկոսությունները, սակայն հանդիպել է արևմտահայ հոգևոր շրջանների դիմադրությանը: Դեմ էր 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո հայերի գաղթին Անդրկովկաս՝ հիմնավորելով, որ չպետք է դատարկել հայաբնակ վայրերը: Հայկական հարցի և արտաքին քաղաքական խնդիրների նկատմամբ կրավորական դիրք է ունեցել, որի համար ժամանակակիցները քննադատել են նրան:

Գ. Խուդինյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am