ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ  ՀԱՐՑԸ:  Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ  19-րդ դարի  70-ական թվականներից մինչև 1918թ-ը Հայկական հարցը սոսկ երկրորդական տեղ է զբաղեցրել՝ որպես համապարփակ Արևելյան հարցի. սրումը պայմանավորված էր Օսմանյան կայսրության ակնհայտ թուլությամբ, ինչպես նաև եվրոպական տերությունների զավթողամոլական ձգտումներով: Գերմանիան, ի տարբերություն ռազմական տեսակետից ավելի հզոր «առաջին կարգի» տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի, քիչ թե շատ նշանակալի գաղութներ չուներ: Իրատեսորեն գնահատելով Գերմանիայի հնարավորությունները՝ ռայխսկանցլեր Օ. Բիսմարկը հիմնականում սահմանափակվում էր մայրցամաքային քաղաքականությամբ ու արտաքին քաղաքականության զսպվածությամբ արևելքում: Դրա հետ մեկտեղ նա կարևոր էր համարում անգլո-ռուսական դիմակայության պահպանումը: Հենց այդ պատճառով էլ, երբ 1877-78թթ-ի ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակից հետո Անգլիայի հետ երկկողմ համաձայնագրի հնարավորություն ստեղծվեց, Գերմանիան համառորեն պահանջեց վերանայել 1878թ-ի Սան-Ստեֆանոյի պայմանագիրը: Այդ նպատակով հրավիրվեց 1878թ-ի Բեռլինի կոնգրեսը, որի նախագահն էր գերմանական կանցլերը: Արևմտահայերի համար Բեռլինի կոնգրեսը նշանակում էր Սան Ստեֆանոյի պայմանագրի տասնվեցերորդ հոդվածով թուրքերի կողմից տրված վարչական բարենորոգումներ ու քրիստոնյա բնակչության պաշտպանության խոստումների ճակատագրական թուլացում և Ռուսաստանի հովանավորությունը պետությունների «համատեղ պատասխանատվությամբ» փոխարինում, որոնք այդպես էլ չկատարեցին Բեռլինի դաշնագրի վաթսունմեկերորդ հոդվածի պայմանները: Անատոլիական երկաթգծի (կոնցեսիան տրվեց 1888թ-ին) և Բաղդադի երկաթուղու (1903թ.) շինարարությամբ աճեց Գերմանիայի տնտեսական և քաղաքական շահագրգռվածությունը Օսմանյան կայսրությունում: Դա արտահայտվեց նաև գիտաքաղաքական մի շարք ընկերությունների (Մյունխենի արևելյան ընկերություն,1901թ, Գերմանա-ասիական ընկերություն, 1902թ, Մարդասիրության բարեկամների Բաղդադի գերմանական կոմիտե,  1903-1916թթ., Գերմանական առաջավորասիական կոմիտե 1906-1907թթ.) հիմնադրմամբ, որոնք հետամուտ էին ավելի ակտիվ արևելյան քաղաքականության: Թուրքիայի հայերի 1894-96թթ-ի կոտորածները մի որոշ ժամանակ մթագնեցին գերմանա-թուրքական հարաբերությունները: Բայց շատ շուտով թուրքերի օգնությամբ «առաջին կարգի համաշխարհային տերություն» դառնալու Գերմանիայի ցանկությունը գերակա դարձավ քրիստոնեական համերաշխության նկատմամբ: Ռայխսկանցլեր Խ. Հոհենլեոն կասկած հայտեց, թե արդյո՞ք Գերմանիան հայկական կոտորածների համար (ավելացրել եմ) պետք է պատերազմի սուլթանի դեմ: Արտգործնախարարությունը մամուլին հայտնեց, թե նա չի միջամտում Թուրքիայի քաղաքականությանը: Ժամանակի առավել հայտնի թուրքամետ հրապարակախոսներից Հանս Բարտը նույնիսկ ընդունեց «թուրքերի ինքնապաշտպանության իրավունքը» ընդդեմ հայերի: Կայսր Վիլհեմ Երկրորդը Կ. Պոլիս կատարած իր այցելության ժամանակ  ընդգծեց իր բարեկամությունը արյունարբու սուլթան Աբդուլ Համիդ II հետ: Գերմանիայում հանրային կարծիքը հարյուրամյակի վերջում գերազանցապես թուրքամետ էր: Դրան նպաստում էին ծանրակշիռ քաղաքական և տնտեսական շարժառիթները, որոնք տատանվում էին մեծ Գերմանիայի գաղութատիրական պատրանքների և ավելի զուսպ «անուղղակի համաշխարհային քաղաքականության» ու «լիբերալ» կամ «կուլտուրական իմպերիալիզմ» միջև, ինչպես ազգլիբերալ դիրքերից քարոզում էր ազդեցիկ բողոքական քահանա և քաղաքագետ Ֆրիդրիխ Նաումանը: Կառավարական քաղաքականությունը, ըստ էության, հետևում էր 1890թ-ին Ֆ. Նաումանի առաջարկած թուրքական պետության ուժեղացման և աջակցության քաղաքական գծին: Հեռանալով Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Թուրքիայի անդամահատման բացահայտ ծրագրերից, Գերմանիան Թուրքիային ներկայանում էր` որպես նրա մշտական և հավատարիմ դաշնակից: Ելնելով այն համոզմունքից, որ Թուրքիայի ամեն մի թուլացում հակասում է գերմանական շահերին, գերմանացի առաջատար քաղաքագետների մի մասը հայերին դիտում էր որպես վտանգավոր զենք Ռուսաստանի ձեռքում: Նույնիսկ այն փոքրաթիվ ազդեցիկ գործիչները (հրապարակախոս Պ. Ռորբախը, բողոքական քահանա Յո. Լեփիսիուսը և ուրիշներ), որոնք հանդես էին գալիս հայերի պաշտպանությամբ, քարոզում էին տնտեսական ներթափանցություն, ճանապարհների շինարարություն, իսկ պատերազմի ժամանակ` ռազմական դաշինք թուրքերի հետ, թեպետ հայերին համարում էին հուսալի, ավելի բարձր կանգնած և այդ իսկ պատճառով Գերմանիայի համար ավելի ձեռնտու կուլտուրական( մշակութային) տարր Արևելքում:

1913թ-ի նոյեմբերից գերմանա-թուրքական հարաբերությունների միջուկը դարձավ ռազմական դաշինքը: Այն սկսվում էր տասնիներորդ դարի սկզբից, երբ գեն-ֆելդմարշալ Հելմուտ ֆոն Մոլտկեն 1835-39թթ-ին ծառայում էին սուլթանական արքունիքում: Ավելի ուշ, նրան է հետևել գեն-ֆելդմարշալ Կոլմար ֆոն դեր Գոլցը, որին երիտթուրքերը վերստին հրավիրեցին 1909թ-ի ապրիլին թուրքական ցամաքային զորքերը վերակառուցելու համար: 1913թ-ի դեկտեմբերին, միևնույն նպատակով գեն. Օտտո Լիման Ֆոն Սանդերսի գլխավուրությամբ Թուրքիա ուղարկվեց զինվորական պատվիրակությունորի մեջ նախապես մտնում էին մի քանի տասնյակ սպաներ ու երեք հազար զինվոր, իսկ պատերազմի վերջում ութ հարյուր սպա և քսանհինգ հազար զինվոր (տե´ս Սանդերսի առաքելություն): 1914թ-ի օգոստոսի 2-ին ստորագրվեց ռազմական աջակցության մասին երկկողմ համաձայնագիր, որը նախ և առաջ ուղղված էր Ռուսաստանի դեմ:

Այն ժամանակ, երբ Գերմանիան նախապատրաստում էր թուրքական ցամաքային զորքերը Ռուսատանի դեմ ապագա պատերազմին, արտգործնախարար ֆոն Յագովը (դեռևս 1912-1913թթ-ի Բալկանյան պատերազմների ընթացքում) յուրատեսակ երկակի ռազմավարության շրջանակներում փորձում էր արևմտահայերի համակրանքը Ֆրանսիայից ու Անգլիայից շեղել Գերմանիայի կողմը: «Հայերի մեջ գերմանական մշակութային ազդեցության մասին հոգատարությանն» (Պ. Ռորբախ) էր ծառայում 1914թ-ին կազմած գերմանահայկական ընկերությունը: Դրանից մեկ տարի առաջ Գերմանիան, առաջին անգամ ակտիվորեն հանդես էր եկել հօգուտ «հայկական բարենորոգումների»՝ չցանկանալով այդ գործը այլևս թողնել Անտանտի երկրներին: Ենիքյոյի (Կ. Պոլիսդեսպանաժողովի ձախողումից (1913թ-ի հուլիս) հետո Գերմանիայի դեսպան Հ. Վանգենհայմը առաջարկեց իր միջնորդությունը  թուրքական ղեկավարության խճողված բանակցություններում: Որպես միջնորդ պետություն, Գերմանիան այժմ Ռուսաստանի հետ սկսեց աշխատել բարենորոգումների փոխզիջողական տարբերակի վրա:

Օսմանյան կայսրությունում 1915թ-ին սկսված հայերի կոտորածները անսպասելի չէին գերմանացիների համար: Ավելին, Գերմանիան սկզբունքորեն օրինական էր համարում քաղաքանապես անվստահելի հայերի բռնի արտաքսումը ռազմական գործողությունների շրջանակներից: Թուրքամետ դեսպան Հ. Վանգենհայմը օրինաչափ էր համարում թուրքերի պաշտոնական միջոցառումները «նրանց սպառնացող հայկական ապստամբության դեմ: Եվ միայն թուրքական վիլայեթներ գրեթե բոլոր գերմանական հյուպատոսարաններից ստացված ու դեսպանության բազմաթիվ հաղորդագրությունների տպավորությունների տակ փոխվեց Վանգենհայմի կարծիքը: 1915թ-ի հուլիսի  7-ին, նա ռայխսկանցլերին հայտնեց, որ այժմ արդեն արտաքսվում է ռազմաճակատի գծից հեռու գտնվող հայ բնակչությունը, և որ տեղահանման մեթոդները ցույց են տալիս, որ կառավարությունը փաստորեն հետամուտ է թուրքական պետության մեջ հայ ռասայի բնաջնջման նպատակին»: Նույնիսկ գիտակցելով թուրք ջարդարարների այդ նպատակը՝ Վանգենհայմը 1915թ-ի օգոստոսի 4-ին, մեծ վեզիրին հղած իր հուշագրում նշում էր, որ թուրքական «պատժիչ միջոցառումները օրինական էին և լոկ նաշազգուշացվում էր Թուրքիայի միջազգային հեղինակության հնարավոր անկման մասին, որին կարող են հանգեցնել «վերհսկողությունից դուրս զանգվածային տեղահանությունները»: Գերմանիան ոչինչ չձեռնարկեց՝ խանգարելու Թուրքիայում հայերի ցեղասպանության իրագործմանը: Պաշտպանելով իր դաշնակցին՝ Գերմանիան նույնիսկ փորձեց թուրքական «պատասխան միջոցառումների» համար մեղադրել Անտանտին, որը, իբր տրամադրում էր Օսմանյան կայսրության դեմ: Պատերազմի ժամանակ ամեն մի հաղորդագրություն հայերի ու Հայկական հարցի մասին Գերմանիայում անպայման ենթարկվում էր զինվորական գրաքննության: Այդ իսկ պատճառով, քննադատական հաղորդագրությունները կարող էին երևալ միայն արտասահմանում (օրինակ,  Գ. Շտյուրմերի, «Երկու տարի Կոստանդնուպոլսում գերմանական ու երիտթուրքական բարոյականության ու քաղաքականության ակնարկները» 1917), կամ կասեցնվում էին գրաքննական մարմինների կողմից, ինչպես, օրինակ, Յո. Լեփսիուսի, Մ. Նիպագեյի ելույթները 1916թ-ին:

Գերմանիայի վերաբերմունքը հայերին ու Հայկական հարցին չփոխվեցին նաև այն ժամանակ, երբ թուրքական զորքերը 1918թ-ին ներխուժեցին Անդրկովկաս, թեպետ Կովկասում գերմանական պատվիրակության ղեկավար գեն. Ֆոն Կրեսենշտայնը 1918թ-ի հուլիսի 11-ին ռայսխկանցլերին ահազանգում էր, թե «թուրքերը հաճախ են գնում այն բանինորպեսզի հետևողականորեն ոչնչացնեն, սովի մատնեն դեռևս ողջ մնացած մի քանի հարյուր հազար հայերին»: Ձախողվեցին նաև 1918թ-ի հունիսին Բեռլինում գտնվող ՀՀ-յան` Հ. Օհանջանյանի գլխավորած պատվիրակության բոլոր ջանքերը՝ կայսերական կառավարությանը հորդորելու միջոցներ ձեռնարկել ի պաշտպանություն հայերի: Գերմանիան, որն այդ ժամանակ 1918թ-ի Բրեստի հաշտությամբ արդեն համաձայնել էր Թուրքիային հանձնել Կարսը,   Արդահանը  ու Բաթումին, այժմ արդեն, նկատի առնելով նաև Խորհրդային Ռուսաստանը, պատրաստ չէր ճանաչել ՀՀ-ն:

Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո, գերմանական սուզանավը Թուրքիայից դուրս բերեց երիտթուրքական ղեկավար գործիչներին, այդ թվում, Էնվերին, Թալեաթին, Ջեմալին ու Նազիմին: Գերմանիայի կառավարության համաձայն Էնվերն ու Նազիմը հայտնվեցին Բեռլինում, չնայած Թուրքիայի մեծ վեզիրը Գերմանիայից պահանջեց հանձնել ռազմական հանցագործներին և արդեն (1919թ-ին) հեռակա կարգով մահվան դատապարտված երիտթուրք պարագլուխներին: 1921թ-ի մայիսին, Բեռլինում Թալեաթին սպանեց ժող վրիժառու Ս. Թեհլերյանը: 1933թ-ին Գերմանիայի նացիոնալիստների կողմից իշխանությունը գրավելուց հետո, այնտեղ բնակվող հայերին նախևառաջ սպառնում էր սեմական ծագման մեջ կասկածը: Այն ժամանակ արգելված և ոչնչացվող գրականության ցանկում էին նաև Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», ինչպես նաև Ա. Թ. Վեգների գրքերը, որը դեռևս 1919թ-ին հանդես էր եկել հօգուտ հայկական ազգային պետության ստեղծման: Հիտլերը իր նախկին խորհրդատուի միջոցով, որը  1915թ-ին Էրզրումի գերմանական հյուպատոսն էր, լավ տեղյակ լինելով հայերին ոչնչացնելու երիտթուրքերի գործողություններին, 1939թ-ի օգոստոսի 22-ին, Վերմախտի բարձր հրամանատարության առջև իր ելույթում, հեգնաբար ակնարկեց պետական հանցագործությունների հարցում մարդկային խղճի մոռացության մասին. «Ես հրաման եմ տվելայն, որ պատերազմի նպատակը որոշակի բնագծերի ձեռքբերումը չէ, այլ հակառակորդի ֆիզիկական ոչնչացումըՈվ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին» (Akten zur deutschen auswartigen Politik 1919-45, Serie d, VII, Nr, 193. S, 171, Anm, 1):

 

 

 Թ. Հոֆման  Գերմանիա

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

Акопян С. М. "Западная Армения в планах империалистических держав в период Первой мировой войны", Е., 1967.

Степанян С. С. "Армения в политике империалистической Германии", Е., 1975.

Kampen W.,  Studieren yur deutschen Türkeipolitik in der Zeit Wilhelms II, Kiel, 1968.

Trumpener U., Germany and the Ottoman Empire 1914-1918, Princeton (New Jersey), 1968.

Lepsius J., Deutschland und Armenien 1914-1918:  Sammlung diplomatischer Aktenstücke, Bremen, 1986.

Koucharian G., Der Siedlungstraum der Armenier unter dem einflub der historisch-politischen Erignisse seit dem Berliner Kongres 1878: Eine politisch-geographische Analyse und Dokumentation, B., 1989.

Միքայելյան Վ., «Գերմանացի դիվանագետները Հայոց ինքնապաշտպանական մարտերի մասին», Երևան, 1997 :

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am