ԳԵՄԲԱՐՍԿԻ (Gembarsky) Բոգդան (Ալեքսանդր) Անտոնիի (1905, Պետերբուրգ - 1978, Վարշավա), լեհ հասարակական գործիչ, հրապարակախոս, արևելագետ, գրող, թարգմանիչ: Սովորել է Վարշավայի Արևելյան կենդանի լեզուների ինստիտուտում: Եղել է 1944-ի Վարշավայի հակաֆաշիստական ապստամբության կազմակերպիչներից, ընկել համակենտրոնացման ճամբար: Պատերազմից հետո խմբագրել է թերթեր ու ամսագրեր: 1935-ից դասախոսություններ է կարդացել հայկական մշակույթի և հայ հին ու նոր գրականության մասին: 1956-ին եղել է Հայաստանում: 1961-ից զբաղվել է Հայկական հարցով, գրել հայերի ցեղասպանության, հայ ժողովրդի հետագա ճակատագրի, Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայերի իրավունքների վերականգնման անհրաժեշտության մասին հոդվածներՆամակ իմ հին թուրք ծանոթին», «Նամակ թուրք մտավորականներին», «Բաց նամակ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար, նորին մեծություն պարոն Ու Տանին», «Բաց նամակ Հնդկաստանի պրեզիդենտ, նորին գերազանցություն պարոն Սարվապալի Ոադհակրիշնանին», «Նամակ իմ հայ ընթերցողներին», «Երեք նամակ աշխարհի ընթերցողներին», «Շրջանի Հայկական քառակուսին ունի իր լուծումը» (նամակ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին, 1977)], որոնցում, դատապարտելով հայերի ցեղասպանությունը, բարոյաիրավաբ-համամարդկային չափանիշներով ապացուցում է, որ հայ ժողովրդի իրավունքները պետք է վերականգնվեն Մեծ Հայքի որոշակի սահմաններում՝ դեպի Սև ծով ելքով (1920-ի Սևրի հաշտության պայմանագրի նախատեսածից անհամեմատ ավելի փոքր տարածք):

Գեմբարսկու գործունեության դեմ բողոքել է Թուրքիան, և նրան արգելվել է լեհական մամուլում հանդես գալ Հայկական հարցի մասին հոդվածներով, Գեմբարսկին ենթարկվել է ավտովթարի, բայց շարունակել է իր հայանպաստ գործունեությունը:

Նամակագրական կապեր է ունեցել Հայաստանի և սփյուռքի մշակութային գործիչների ու գրողների հետ: Գրել է «Մորիտուրի» (լատիներեն, «Մահվան դատապարտվածները») վիպակը՝ նվիրված Մեծ եղեռնին: Թարգմանել և երկու հատորով հրատարակել է հայ գրողների երկերը:

Հ. Կարճիկյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am