ԳԱՌԶՈՒ (Carzou), Կառզու ժան Մարի (ծ. 1938), ֆրանսիական լրագրող և գրող, ռադիոյի աշխատակից: Հետպատերազմյան ժամանակաշրջանի եվրոպական առաջին հեղինակներից, որը հատուկ ուսումնասիրել է հայերի ցեղասպանության պատմությունը և գրել «Օրինակելի ցեղասպանություն. Հայաստան, 1915» մենագրությունը: Փաստական աղբյուրների հետազոտման հիման վրա Գառզուն ցույց է տվել, որ հայերի ցեղասպանությունը նախապատրաստվել էր Աբդուլ Համիդ ll-ի և նրա հաջորդների՝ երիտթուրքերի վարած քաղաքականությամբ, ապացուցել հայերի տեղահանության անհրաժեշտության վերաբերյալ թուրքական պաշտոնական մեկնակերպի սնանկությունը, նշել, որ 1915-16-ի տեղահանությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ցեղասպանության իրականացում: Գառզուն եզրակացրել է, որ հայերի ցեղասպանությունը, որպես XX դ. առաջին ցեղասպանություն, իր մեջ պարունակում է մարդկության դեմ հանցագործություն հասկացության բոլոր բնորոշ բաղադրամասերը: Արժեքավոր է գրքին կցված փաստաթղթերի հավելվածը՝ երիտթուրքական պարագլուխների դատավարության վերաբերյալ:

Ռ. Սահակյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am