ԳԱԼՈՅԱՆ Գալուստ Անուշավանի (ծ. 1927), պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Հիմնական աշխատությունները նվիրված են Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժման պատմությանը, Ռուսաստանի և Անդրկովկասի ժողովուրդների փոխհարաբերություններին: Մի շարք աշխատություններում անդրադարձել է Հայկական հարցի և հայերի ցեղասպանության, XX դ. 1-ին տասնամյակներում Անդրկովկասում ազգամիջյան հարաբերությունների խնդիրներին: «Ռուսաստանը և Անդրկովկասի ժողովուրդները» (1978) աշխատության մեջ լուսաբանել է Անդրկովկասի ժողովուրդների վերաբերմունքը 1877-78-ի ոուս- թուրքական պատերազմին, նշել նրանց ազգային-ազատագրական պայքարի խնդիրների համընկնումը ռուսական ինքնակալության ռազմական և քաղաքական շահերին, ընդհանուր գծերով տվել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: 1915-ի իրադարձություններն ավելի հանգամանալից ուսումնասիրվել են «Պատմության քառուղիներում» (1982) աշխատության մեջ, հեղինակը վեր է հանել հայերի ցեղասպանության պատճառները և նախադրյալները, նշել, որ սկսած XIX դ. 90-ական թթ. Թուրքիայի կառավարող շրջանները ձեռնամուխ են եղել հայերի ոչնչացման եղանակով Հայկական հարցի «լուծման» քաղաքականության մշակմանը, և որ արևմտահայերի ազատագրության խնդիրը XIX դ. կեսից ձեռք էր բերել համազգային նշանակություն, հավասարապես հուզում էր հայ ժողովրդի երկու՝ արևմտահայ և արևելահայ հատվածներին էլ: Դարավերջին ստեղծված հայ ազգային քաղաքական կուսակցությունները չկարողացան հաղթահարել եվրոպական տերությունների նկատմամբ պատրանքները՝ նրանց հետ կապելով Հայկական հարցի լուծման հույսերը: «Բանվորական շարժումը և ազգային հարցը Անդրկովկասում 1900-1922» (1969, ռուսերեն) աշխատության մեջ անդրադառնալով 1905-06-ին Կովկասում հայ-թաթարական ընդհարումներին, ցույց է տվել, որ դրանց հրահրողները և կազմակերպիչները ցարական իշխանություններն էին:

 

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am