ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Սմբատ, հասարակական գործիչ (ԱՄՆ): 1891-98-ին խմբագրել է Նյու Յորքում հրատարակվող «Հայք» ազգային, գրական-քաղաքական հանդեսը, որտեղ հրապարակվել են նյութեր Հայկական հարցի վերաբերյալ, եվրոպական և ամերիկյան մամուլի արձագանքները Թուրքիայում հայ ազգաբնակչության դրության մասին, լուսաբանվել ԱՄՆ-ի հայ համայնքների կյանքը: 1895-ին ընտրվել է «Հայերի հայրենասիրական դաշնակցության» նախագահ, որի նպատակն էր տերությունների աջակցությամբ օգնել Արևմտյան Հայաստանի ազատագրմանը թուրքական բռնատիրությունից: «Հայերը կամ Արարատի ժողովուրդը» (1892, անգլերեն), «Փաստեր Հայաստանի մասին» (1895, անգլերեն), «Քրիստոնյա Հայաստանը և քրիստոնյա տերությունները» (1897, անգլերեն), «Արյունաքամ Հայաստանը, նրա պատմությունն ու սարսափները» (1896, անգլերեն), «Հայաստան, նահատակ ժողովուրդ» (1918, անգլերեն) երկերում Գաբրիելյանը ամերիկյան ընթերցողին ծանոթացրել է հայ ժողովրդի պատմությանը, արևմտահայերի ծանր դրությանը, 1894-96-ի ջարդերի ու կոտորածների փաստերին, 1915-16-ի հայերի տեղահանությանն ու ցեղասպանությանը, Հայկական հարցում տերությունների քաղաքականությանը:

Ս. Կիրակոսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am