Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Եղբայրական օգնության կոմիտե

ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ Էջմիածնի, առաջին աշխարհամարտի տարիներին հայ գաղթականներին օժանդակող կազմակերպություն: Ստեղծվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ի 1914-ի դեկտեմբերի 28-ի կոնդակի համաձայն և նրա անմիջական նախագահությամբ: Նպատակն էր պատսպարել, խնամել, կերակրել և բժշկական օգնություն ցույց տալ հայ գաղթականներին, մանրամասն տեղեկություններ հավաքել նրանց դրության մասին: Կենտրոնական մարմինը Գլխավոր կարգադրիչ հանձնաժողովն էր, որը բաղկացած էր 14 անդամներից՝ ընտրված Էջմիածնից, Երևանից, Ալեքսանդրապոլից, Թիֆլիսից, Պետրոգրադից և արևմտահայերից, ուներ մասնաճյուղեր Երևանում, Ալեքսանդրապոլում և այլուր: 1914-ի դեկտեմեբրի 27-1915-ի հունվարի 25-ը Եղբայրական օգնության կոմիտեն Էջմիածնի վանքի բակում և Վաղարշապատի հասարակական շինություններում ապաստան է տվել և կերակրել (ամեն օր բաժանել է 200-300 փութ հաց, տաք կերակուր, թեյ, սուրճ, հագուստեղեն և վերմակներ) շուրջ 15 հզ. փախստականների, որից հետո նրանց հետզհետե տեղավորել է շրջակայքի հայկական գյուղերում: Վաղարշապատում բացել է 20 մահճակալով հիվանդանոց և ամբուլատորիա: Եղբայրական օգնության կոմիտեն հայ փախստականների օգտին գործող գաղթականական մարմինների և բարեգործական հիմնարկությունների ուժերը համախմբելու և միավորելու նպատակով 1915-ի մարտի 1-2-ը Էջմիածնում կազմակերպել է գաղթականների համագումար (տե՛ս Հայ գաղթականների համագումարներ):

Ա. Հարությունյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am