ԷՐԶՐՈՒՄԻ ՆԱՀԱՆԳ, Էրզրումի էյալեթ, Կարնո նահանգ, վարչատարածքային միավոր Արևմտյան Հայաստանում: Վարչական կենտրոնը՝ Էրզրում (Կարին) քաղաք: Համապատասխանում է Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգին՝ իր մեջ ներառնելով գավառներ (հարակից) Տայքի, Աղձնիքի և Տուրուբերանի նահանգներից:

XV դ. 2-րդ կեսին - XVI դ. սկզբին նվաճել են օսմանյան թուրքերը, մինչև 1534-ը կազմել է ընդարձակ էյալեթ՝ մոտավորապես 70-80 հզ. կմ² տարածությամբ:

XVI-XIX դդ. որոշ փոփոխություններով Էրզրում նահանգը բաժանվել է Էրզրում, Դերջան, Բաբերդ, Երզնկա, Գայլ գետ (Կելկիթ), Շապին Գարահիսար, Քըղի, Սպեր, Թորթում, Վերին Բասեն, Ստորին Բասեն, Խնուս, Ալաշկերտ, Խամուր, Դիադին, Բայազետ գավառների: 1846-ին Շապին Գարահիսարը միացվել է Սեբաստիայի նահանգին: Ըստ XVII դ. հայ հեղինակ Հակոբ Կարնեցու՝ XVII դ. 1-ին կեսին Էրզրում նահանգը գերազանցապես հայաբնակ էր: XVI-XVIII դդ. Պարսկաստանի, XIX դ. նաև Ռուսաստանի դեմ ուժեղ բուֆերային իշխանություն ստեղծելու նպատակով թուրքական կառավարությունը կայսրության հարավ-արևմտյան շրջաններից բազմաթիվ քրդական ցեղեր է վերաբնակեցրել Էրզրում նահանգում: Մի շարք գավառների (հատկապես Բաբերդի, Երզնկայի, Թորթումի, Վերին Բասենի) հայ բնակչությունը ենթարկվել է բռնի մահմեդականացման կամ դուրս մղվել եկվոր թուրքերի, հյուսիս- կովկասյան լեռնականների ու քրդերի կողմից: Այնուամենայնիվ, XIX դ. 1-ին քառորդին Էրզրում նահանգը շարունակում էր մնալ Արևմտյան Հայաստանի ամենահոծ հայաբնակ նահանգ: Այդ ժամանակահատվածում նրա տարածքում կար ավելի քան 400 հզ. հայ, որից 35 հզ-ը՝ կիսամահմեդականացած հայեր՝ կեսկեսներ: Շուրջ 308 հզ. հայ գյուղացիներ բնակվում էին 976 գյուղերում, իսկ 93 հզ. քաղաքացիներ՝ 14 քաղաքներում և քաղաքատիպ բնակավայրերում: 1821-22-ի զանգվածային բռնագաղթի, 1829-30, 1854-55, 1877-78-ի արտագաղթերի, մշտապես կրկնվող ջարդերի (հատկապես 1894-96-ին), պանդխտության, բռնի մահմեդականացման հետևանքով մինչև XX դ. սկիզբը Էրզրում նահանգի հայ բնակչության թիվը նվազել է մինչև 203 հզ.: 1909-ին նահանգում (առանց Շապին Գարահիսարի) հաշվում էր ընդամենը 389 հայաբնակ գյուղ: Խիստ կրճատվել էր նաև քաղաքային հայ բնակչությունը:

1915-ի մայիս-հոկտեմբերին Էրզրում նահանգի կենտրոնական և արևմտյան գավառների հայ բնակչության մեծամասնությունը տեղահանվել և կոտորվել է կամ մահացել սովից ու համաճարակներից, հիմնականում Դերջան-Երզնկա-Կամախ ճանապարհին, Եփրատի Կամախ-Բողազի կիրճում, Բաբերդի, Ակնի, Մալաթիայի, Խարբերդի շրջակայքում, Հալեպում, Սուրուճում և Դեյր էզ Զորում: Արևելյան գավառների, հատկապես Ալաշկերտի, Վերին Բասենի, Բայազետի, Սպերի բնակչության մի մասը ռուսական բանակի առաջխաղացման շնորհիվ կարողացել է արտագաղթել Արևելյան Հայաստան և Անդրկովկասի այլ շրջաններ: 1916-17-ին Էրզրում նահանգի հայ գաղթականներից մի քանի հազար մարդ վերադարձել է իրենց բնակավայրերը: Սակայն, 1918-ի փետրվար-մարտին թուրքական բանակի կողմից Արևմտյան Հայաստանի վերագրավման նախօրյակին, նրանց մեծ մասը նորից արտագաղթել է Անդրկովկաս: Տեղում մնացած հայությունը գազանաբար ոչնչացվել է: Ըստ դոկտոր Լեփսիուսի, 1915-ին Էրզրում նահանգի ավելի քան 200 հզ. հայերից փրկվել է 40 հզ-ը: Էրզրում նահանգի տարածքում, որը հիմնականում հմընկնույմ է Թուրքիայի Էրզրում, Երզնկա (Էրզինջան), Աղրի (Կարաքյոսե) իլերին, ապրող հայերի մասին պաշտոնական տեղեկություններ չկան, հայերի մեծ մասն ապրում է ծպտյալ վիճակում՝ թուրքական ազգանուններով:

Ա. Մելքոնյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am