Երզնկայի զինադադար 1917, կնքվել է դեկտեմբերի 5-ին, Երզնկայում, աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-18), Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական Կովկասյան բանակի և 3-րդ թուրքական բանակի հրամանատարությունների միջև: Զինադադարը կնքվել է համաձայն 1917-ի դեկտեմբերի 2-ին Բրեստ-Լիտովսկում մի կողմից՝ Ռուսաստանի և մյուս կողմից՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի ու Թուրքիայի միջև ստորագրված զինադադարի պայմանագրի: Կողմերը պայմանավորվել են մինչև վերջնական հաշտություն կնքելը անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում: Պայմանագրին կցվել է ռուսական և թուրքական զորքերի միջև սահմանագծի (դեմարկացիոն գիծ) մասին ակտը, որը հիմնականում համընկնում էր ռազմաճակատի գծին զինադադարը կնքելու պահին (տե՛ս Բրեստի հաշտություն 1918 քարտեզը): Ռուսներին անցան Արևմտյան Հայաստանում նրանց գրաված համարյա բոլոր տարածքները: Թուրքերը Երզնկայի զինադադարով ժամանակ էին շահում: 1918-ի փետրվարի կեսին, օգտվելով ռուսական ճակատի փլուզումից, նրանք խախտեցին Երզնկայի զինադադարը, ներխուժեցին Արմ. Հայաստան և արդեն ապրիլի կեսին, զավթելով այն, շարժվեցին Արևելյան Հայաստան:

Կ. Խուդավերդյան
 
 
Գրականության ցանկ
 
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

,,Документы внешней политики СССР՛՛, т. 1. М., 1959. 

Арутюнян А. О., ,,Кавказский фронт. 1914-1917 гг.՛՛, Е, 1971.
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am