ԵՐԶՆԿԱ (թուրքերեն Էրզինջան), քաղաք և գավառ Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի արևմտյան մասում, Եփրատի վերին հոսանքի ավազանում: Կազմել է Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Եկեղյաց գավառի մաս:

XVI դ. սկզբին գրավել են օսմանյան թուրքերը: XIX դ. սկզբին Երզնկա քաղաքում և 124 գյուղերում (Կամախի գավառակի հետ) բնակվում էին 44 հզ. հայեր: XIX դ. ընթացքում Երզնկայի բնակչությունը անընդհատ դուրս է մղվել թուրք և քուրդ վերաբնակիչների կողմից, ենթարկվել մասնակի կոտորածների և բռնի մահմեդականացման, դիմել հարկադիր արտագաղթերի: Մինչև XIX դ. սկիզբը, բնական աճի հաշվառումով Երզնկայի գավառի հայության թիվը հազիվ կազմել է 30 հզ. (Կամախի գավառակով), որից 13 հզ. քաղաքում, 17 հզ.՝ 52 գյուղերում: 1895-ի աշնանը մոլեռանդ մահմեդական ամբոխը կառավարության թողտվությամբ տարբեր բնակավայրերում իրագործել է հայերի կոտորածներ: Հոկտեմբերի 7-ին թուրքերը ներխուժել են քաղաքի շուկան, կողոպտել ու սպանել հայերին: Տեղ-տեղ հայերը դիմել են ինքնապաշտպանության: Քաղաքում զոհվել է 95 մարդ, գյուղերում՝ կրկնակին: Հատկապես խիստ են տուժել Բզվան, Տաճրակ, Կյոլնցիկ, Գյուլիջե, Մեծ և Փոքր Չիֆթլիկ գյուղերը: Հերոսական դիմադրություն են կազմակերպել Մթննի (Մաշտոց Բզնունի քահանայի գլխավորությամբ), Բթառիճ գյուղերը և Չարչարանաց Ս. Լուսավորիչ վանքը: Հոկտեմբերի 25-ին հակահայկական ելույթները կրկնվել են: 1900-ին ոստիկանությունը շինծու գործով հրահրել է նոր հայկական ջարդեր:

1915-ի մայիսին թուրքական իշխանությունների ցուցումով Երզնկայի բանտերից ազատվել են քրեական հանցագործները, որոնցից կազմվել են չեթենների գնդեր: Ոստիկանությունը առանց դատի ու դատաստանի գնդակահարել է շատ մտավորականների: Մայիսի սկզբին Եփրատի ափին ընկած Մահմուտցիկ գ. ենթարկվել է քրդական 800 հոգանոց ջոկատի հարձակմանը: Գյուղացիների մի մասը դիմել է ինքնապաշտպանության ու հերոսաբար զոհվել, մյուսները գերի են ընկել և ջրահեղձ արվել Եփրատում: Երզնկա քաղաքից առաջին կարավանը տարագրվել է մայիսի 27-ին, երկրորդը՝ 28-ին, տարագրվածների մեծ մասը կոտորվել է Եփրատի կիրճում և դեպի Կամախ, Ակն, Խարբերդ ճանապարհին: Գավառի գյուղացիության ճնշող մեծամասնությունը ոչնչացվել է Երզնկայի ու Դերջանի հովիտներում՝ Կամախի կիրճում: Տարագրման չեն ենթարկվել միայն մի քանի տասնյակ արհեստավորներ՝ թուրքական բանակի կարիքները հոգալու համար: Հայազրկված Երզնկան հունիս-օգոստոսին արդեն դարձել էր Արևմտյան Հայաստանի մյուս գավառներից տարագրված հայերի ոչնչացման ու աքսորի գլխավոր վայրերից: 1916-ի հուլիսին ռուսական զորքերի կողմից Երզնկայի գրավումից հետո ֆիդայիներ Սեբաստացի Մուրադի, Կայծակ Առաքելի, Վարդան Շահպազի ջանքերով հարյուրավոր հայեր վերադարձել են իրենց բնակավայրերը: Բազմաթիվ տարագիրների, Դերսիմի քրդերի միջոցով, գերությունից ազատեց Մուրադը՝ փոխարենը տալով ոսկիմի հայ՝ մի ոսկի»): Երզնկայի գավառում հայ բնակչությունը կազմեց 3-4 հզ. մարդ: 1918-ի հունվարի վերջին թուրքական բանակի ընդհանուր հարձակման հետևանքով, բացառությամբ մի քանի տասնյակ ծերունիների և անկողնային հիվանդների, Երզնակայի հայ բնակչությունը, հայ կամավորների պաշտպանությամբ, երկարատև ու ծանր նահանջից հետո, հանգրվանեց Արարատյան դաշտում և Անդրկովկասի այլ վայրերում:

Ա. Մելքոնյան

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am