ԵՐՈՒԽԱՆ (Արմաքեշխանլյան Երվանդ Պողոսի) (1870, Կ. Պոլիս-1915, Մեծ եղեռնի զոհ), գրող, հրապարակախոս, թարգմանիչ, մանկավարժ: Սովորելէ Կ. Պոլսի Ներսեսյան և Կեդրոնական վարժարաններում: 1890-ից աշխատել է «Արևելք» թերթի խմբագրությունում: 1896-ի ջարդերի ժամանակ տեղափոխվել է Բուլղարիա, ապա, 1904-ին՝ Եգիպտոս: Տարագրության մեջ շարունակել է գրական, խմբագրական գործունեությունը, դասավանդել Վառնայի, Ալեքսանդրիայի, Կահիրեի ազգային վարժարաններում: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս, ստանձնել «Արևելքի» խմբագրությունը, նաև՝ Ս. Խաչ ազգային վարժարանի տնօրինությունը (1910-13), ապա մեկնել Խարբերդ, ստանձնել Մեզրեի Կեդրոնական վարժարանի տեսչությունը: 1904-ին Վառնայում լույս է տեսել «Մերժված սեր» վեպը, որը վերահրատարակվել է Կ. Պոլսում՝ «Ամիրային աղջիկը» վերնագրով: 1910-ին տպագրել է նորավեպերի ժողովածու՝ «Կյանքին մեջ» խորագրով:

Իր ստեղծագործություններում Երուխանը անդրադարձել է հայության բոլոր շերտերի կյանքին չարիքի աղբյուրը համարելով Թուրքիայում տիրող իրավակարգը: «...Մեր թշնամիները հափշտակեցին մեր հարստությունները, քանդեցին մեր տունն ու տեղը, մոխրի վրա նստեցուցին զմեզ, տասանորդեցին մեր ցեղը, նմանը չտեսնված վայրագությամբ մեր անճատումին ձգտեցան, բայց մազի չափ չկրցան վնասել մեր մտքին, մեր այն սրբազան մասունքին, զոր ցեղին հանճարը արտադրած էր և որ պիտի մնա տոկուն ու անսասան ու հավերժական. ինչպես մեր վեհապանծ Մասիսը» ,-գրել է Երուխանը հայ գրերի ստեղծման 1500-ամյակի առթիվ (Վահե Հայկ. «Խարբերդ և անոր ոսկեղեն դաշտը», 1959, էջ 1131):

1915-ին ձերբակալվել է, հունիսին Խարբերդի մոտ սպանվել:

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am