«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ» թերթ, հնչակյան կուսակցության ամերիկյան շրջանային վարչության պաշտոնաթերթ: Հիմնադիր՝ Ս. Սապահ-Գյուլյան: Հրատարակվել է 1903-73-ին և 1975-ից: Իր հիմնական խնդիրն է համարել «ընկերվարական սկզբունքների» քարոզչությունը: Հայկական հարցի վերաբերյալ հոդվածներում մանրամասն լուսաբանել է հայերի ծանր վիճակը Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում, կոչ արել հավատ չընծայել Թուրքիայում «ժողովրդավարության և առաջադիմության դարաշրջանի» հաստատման մասին երիտթուրքերի սին հայտարարություններին, անհապաղ լծվել ինքնապաշտպանության գործին, կանխատեսել է ցեղասպանության հնարավորությունը: «Երիտասարդ Հայաստան» թերթը հավաքել և Ս. Սապահ-Գյուլյանի վերլուծական հոդվածներով հրապարակել է հայերի ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ փաստեր: Թերթի շնորհիվ ԱՍՆ-ի հասարակական կարծիքը առարկայական տեղեկություններ է ստացել երիտթուրքերի չարագործությունների մասին: 1975-ից հետո «Երիտասարդ Հայաստան»-ի համար դարձյալ բնորոշ է ազգային-ազատագրական շարժման, ցեղասպանության, Հայկական հարցի վերաբերյալ նյութերի հրապարակումը:

Ռ. Խուրշուդյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am