Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Երիտասարդ Հայաստան հայրենասիրական կազմակերպություն

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ» հայրենասիրական կազմակերպություն: Ստեղծվել է Թիֆլիսում, 1889-ին: Հիմնադիրներն էին Պետերբուրգում ու Մոսկվայում կրթված հայ առաջավոր երիտասարդներ Հ. Արղությանը, Տ. Ստեփանյանը, Տ. Օքոնյանը, Ս. Շաթիրյանը, Ա. Թադևոսյանը, Հ. Քոչարյանը, Ժ. Ադամյանը, Ս. Մատինյանը, Ս. Զավարյանը և ուրիշներ, որոնք, գալով Կովկաս, փորձում էին համախմբել ուժերը Արևմտյան Հայաստանն ազատագրելու նպատակով: Նրանք զենքի էին վարժեցնում Թիֆլիսում ապրող արևմտահայ մշակներին, սուրհանդակների (Բագրատ վարդապետ Թավաքալյան, Բարսեղ Մելիք-Գրիգորյան և ուրիշներ) միջոցով կապ պահպանում Արևմտյան Հայաստանի գործիչների հետ: «Երիտասարդ Հայաստանը» 1890-ի սկզբին, «երկիրն» ուսումնասիրելու նպատակով, Արևմտյան Հայաստան է ուղարկել Հ. Արղությանին, Մ. Մարգարյանին, Ա. Բարխուդարյանին և ուրիշների, որոնք ուխտավորների անվան տակ անցել են Տարոն, հանդիպել նշանավոր գործիչներ Արաբոյի, Ներսես վարդապետ Խարախանյանի հետ: «Երիտասարդ Հայաստան»-ի անդամները սերտ կապերի մեջ էին Ք. Միքայելյանի, Ա. Դաստակյանի հետ, որոնք գործում էին նարոդնիկական կազմակերպության մեջ: 1890-ին, երբ նախապատրաստվում էր Ս. Կուկունյանի արշավանքը, Ք. Սիքայելյանը վերջնականապես միացել է «Երիտասարդ Հայաստան»-ին, ժոդովներ գումարել, մշակել հայ հեղափոխականների ուժերը մեկ միասնական կուսակցության մեջ միավորելու ծրագիրը: 1890-ի օգոստոսին նման կուսակցության՝ ՀՀԴ-ի ստեղծումից հետո «Երիտասարդ Հայաստանը» ամբողջովին մտել է նրա մեջ և լուծարվել:

Գ. Խուդինյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am