ԵՓՐԵՄ ԽԱՆ (Դավթյան Եփրեմ Դավթի) [1868, գ. Բարսում (Շամխորի շրջանում)- 1912, գ. Սուրջե, Համադան քաղաքի մոտ (Իրան)], ազգային-ազատագրական շարժման և ռազմական գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: 1880-ական թթ. վերջին անցել է Արևմտյան Հայաստան, միացել Մուշում, Սասունում, Վանում, Էրզրումում գործող հայդուկային խմբերին: Ս. Կուկունյանի արշավանքին (1890) մասնակցելու համար ձերբակալվել է, աքսորվել Սիբիր (1892), ապա՝ Սախալին: 1896-ին աքսորից փախել է Թավրիզ: 1897-ին մասնակցել է Խանասորի արշավանքին: Ակտիվորեն մասնակցել է 1905-11-ի իրանական հեղափոխությանը, դարձել նրա ականավոր կազմակերպիչներից և ղեկավարներից: Թեհրանի գրավումից (1909) և շահի տապալումից հետո նշանակվել է Թեհրանի ոստիկանապետ և ապա Իրանի ժամանակավոր կառավարության զինված ուժերի հրամանատար: Եփրեմ Խանը տվել է շուրջ 60 մեծ և փոքր ճակատամարտ: Իրանի կառավարությունը բարձր է գնահատել նրա ծառայությունները, շնորհել է «Սարդարի» (գերագույն զորահրամանատարի) կոչում: Եփրեմ Խանը որպես ռազմական և հեղափոխական գործիչ ծառայել է միապետական լծից Իրանի ժողովուրդների ազատագրության գործին: Իրանական պատմագրությունը նրան գնահատել է որպես ժամանակի առաջադեմ գործիչ, ժողովրդական հերոս և տաղանդավոր զորավար: Զոհվել է Սուրջեի (Համադանի մոտ) ճակատամարտում, թաղված է Թեհրանում, Հայկազյան (այժմ՝ Դավթյան) դպրոցի բակում:

Գ. Հարությունյան

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am